Լսողության խնդիրները սովորաբար ի հայտ են գալիս 60 տարեկանից հետո: Դրանց առաջացմանը կարող են նպաստել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ աղմկոտ գործարաններում աշխատելը, շաքարային դիաբետը, հիպերտոնիան, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումը: Գրիպով հաճախակի հիվանդանալն ու ալերգիկ վիճակները եւս կարող են առաջացնել ականջի հիվանդություններ։
«Քիթն ու ականջը կապված են միմյանց եվստախյան փողով։ Եթե կան ծուռ միջնապատ, պոլիպներ, խեցիներ, հարկավոր է բուժել վիրահատական միջամտությամբ, քանի որ դրանք, հնարավոր է, հանգեցնեն լսողության խնդիրների առաջացման»,- բացատրում է քիթ-կոկորդ-ականջաբան Իզաբելլա Վերեշչագինան:
Լսողության խնդիրները կարող են նաեւ ժառանգական լինել։ Եթե ծնողներից մեկն ունի խլություն, ապա 50 տոկոս հավանականություն կա, որ զավակն էլ նույն հիվանդությունն ունենա։
«Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 45-54 տարեկանում լսողության խանգարումներ ախտորոշվում են 11 տոկոսի, 55-65 տարիքային խմբում՝ 25 տոկոսի, 65-84 տարիքային խմբում՝ 43 տոկոսի շրջանում։ 90 եւ ավելի բարձր տարիքի գրեթե բոլոր անձինք ունեն լսողության խնդիրներ»,- ասում է բժշկուհին։
Ախտանշանները հետեւյալն են․ լսողությունը սկսում է վատանալ, կարող է աղմուկ, խշշոց կամ սուլոց լսվել։ Երբեմն էլ բուժառուի հարազատներն են նկատում, որ նա լավ չի լսում, քանի որ սկսում է բարձր խոսել, չի լսում, երբ մի քիչ հեռու է զրուցակցից։
60 տարեկանից հետո մարդու օրգանիզմում աստիճանաբար սկսվում են ատրոֆիկ ու դեգեներատիվ պրոցեսներ։ Լսողական օրգանում, ինչպես բոլոր մյուս օրգան-համակարգերում, օրինակ՝ միջին ականջում, թմբկաթաղանթի եւ լսողական ոսկրիկների միջեւ առաջանում են կարծրացումներ, որի հետեւանքով խախտվում է ձայն-հաղորդիչ շղթան:
«Ատրոֆիկ ու դեգեներատիվ պրոցեսներ կարող են տեղի ունենալ նաեւ ներքին ականջի բջիջներում, նյարդային վերջույթներում եւ գլխուղեղի կեղեւում, ինչի հետեւանքով խախտվում է ձայնի ընկալման ֆունկցիան»,- բացատրում է բժշկուհին։
Լսողության խնդիրներից խուսափելու համար հարկ է հետեւել հիգիենային, որպեսզի ականջում ծծմբի կուտակման պատճառով խնդիրներ չառաջանան։ Ոմանք էլ օգտվում են ականջները մաքրելու ձողիկներից, ինչը կարող է հանգեցնել արտաքին ականջի խցանման։
«Որոշ բժիշկներ ընդհանրապես արգելում են այդ ձողիկներից օգտվել, բայց ես կարծում եմ՝ ամիսը երկու անգամ կարելի է դրանք օգտագործել ականջերը մաքրելու համար»,- բացատրում է մասնագետը։
Ըստ նրա՝ մարդիկ ավելի ցավագին տանում են տեսողության խնդիրները, քանի որ տեղեկության 80 տոկոսը ստանում ենք աչքերով: Հատկապես տարեցները նման դեպքերում չեն խուսափում ակնոցից, իսկ ահա լսողության խնդիրներ ունեցողներից շատերը լսողական սարք չեն կրում։ Կան բուժառուներ, որոնք առաջին աստիճանի լսողության խնդիր ունեն ու հրաժարվում են լսողական սարքից։ Բուժառուի՝ ճիշտ ժամանակին սարքը չկրելը խորացնում է հիվանդությունը։
«Լսողության իջեցում նկատելիս հարկավոր է անմիջապես դիմել բժշկի, քանի որ հնարավոր է՝ դա լինի ծծմբային խցանի հետեւանք, որի հեռացումից հետո լսողության խնդիրը կվերանա»,- բացատրում է բժշկուհին։
Եթե լսողության խնդիրը կապված է միջին ականջի հետ, կատարվում է վիրահատական միջամտություն, իսկ ներքին ականջում լսողական նյարդի ախտահարման պարագայում նշանակվում է դեղորայքային բուժում, որը չի կարող ամբողջությամբ վերականգնել լսողությունը:
«Եթե բուժառուն շուտ է դիմում բժշկի, մինչեւ հիվանդության բարդանալը կարելի է կանխել հիվանդության զարգացումը։ Այդ դեպքում նշանակվում է դեղորայք, որը լավացնում է արյան շրջանառությունը գլխուղեղի անոթներում, ինչպես նաեւ՝ ներքին ականջում: Երբեմն էլ վիտամինային պատրաստուկներ են նշանակվում։ Եթե ծանրալսությունն առաջին աստիճանի է, կարող ենք կանգնեցնել հիվանդության խորանալու պրոցեսը»,- մանրամասնում է Վերեշչագինան:
Ըստ անհրաժեշտության՝ կարող է նաեւ ականջի պրոթեզավորում կատարվել, որը նպաստում է լսողական եւ խոսքի կենտրոնների միջեւ կապերի նորմալ փոխազդեցության վերականգնմանը, իսկ լսողական ապարատները կարող են հնարավորինս դանդաղեցնել տարիքով պայմանավորված լսողության կորուստը եւ ուղեղի ծերացումը։
Հատկապես տարեցների կամ առհասարակ լսողության խնդիրներ ունեցողների հետ խոսելիս պետք է նրբանկատ լինել կամ ցույց չտալ, թե տհաճ է նույն բանը երկրորդ անգամ կրկնելը։ Զրուցելիս հարկավոր է կանգնել ուղիղ, որպեսզի նա նայի խոսողի շուրթերին։ Նման դեպքերում հարկավոր է նաեւ վերացնել ֆոնային աղմուկը՝ փակել պատուհանը, իջեցնել հեռուստացույցի ձայնը, որպեսզի նա լսի զրուցակցին։ Նման խնդիրներ ունեցողների ընտանիքի անդամները պետք է իմանան՝ եթե նրա ականջներից մեկն ավելի լավ է լսում, ապա խոսելիս հարկ է կանգնել այդ ականջին մոտ, օգտագործել կարճ նախադասություններ՝ անհրաժեշտության դեպքում չզլանալով մի քանի անգամ կրկնել խոսքը։
Լսողական ֆունկցիայի խանգարումը կանխելու համար հարկավոր է խուսափել այն վայրերից, որտեղ բարձր ձայներ, աշխատող մեխանիզմներ կան։ Երաժշտություն լսելիս չի կարելի ձայնը շատ բարձրացնել, որպեսզի լսողական նյարդը չվնասվի։ Անհրաժեշտ է առողջ եւ ճիշտ սնվել, չչարաշահել ականջակալների օգտագործումն ու ալկոհոլային խմիչքները, չծխել, վարել ֆիզիկապես ակտիվ կյանք։
Բժիշկը հորդորում է՝ եթե արդեն ախտորոշվել է լսողության խնդիր, չի կարելի խուսափել բուժումից։ Պաթոլոգիայից կախված՝ հարկավոր է ստանալ կոնսերվատիվ՝ դեղորայքային բուժում կամ կատարել պրոթեզավորում։ Իսկ երբ լսողական սարք է նշանակվում, պետք է այն կրել՝ հետեւելով բժշկի ցուցումներին, այլապես հիվանդությունը կարող է խորանալ՝ հասնելով ընդհուպ խլության։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։