Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր պատվաստումները բնակիչներին ավելի հասանելի դարձնելու համար:
ՀՀ ԱՆ-ի հետ համագործակցության շրջանակում պատվաստումների ծրագրում փորձի փոխանակում իրականացնող ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը նշել է, որ պոլիկլինիկաներում պատվաստումների հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները կարվեն նաեւ բուժկետերում:
Աշխարհի բնակչության 7%-ն արդեն պատվաստվել է, կան երկրներ, օրինակ՝ Իսրայելը, որտեղ բնակչության պատվաստումների ցուցանիշը մոտ 60%-ի է հասնում: Մասնագետի դիտարկմամբ Հայաստանում պատվաստումների գործընթացը միջազգային միտումներից հետ է ընկնում:
«ԱՄՆ-ում եղավ մի պահ, որ նույնիսկ պատվաստումների հետ կապված հերթեր էին լինում: Քաղաքացին պատվաստանյութ ընտրելու հնարավորություն չունի: Այդ պահին ինչ եղավ, դրանով էլ պատվաստվում է: Այսօր Հայաստանում 4 500 մարդ է պատվաստվել, ինչը ցածր ցուցանիշ է: Թեպետ, ասեմ, որ վերջին շրջանում ակտիվ իրազեկման աշխատանքներն իրենց ազդեցությունն ունենում են, եւ պատվաստումների գործընթացում ակտիվություն է նկատվում»,- ասել է Շանթ Շխրտումյանը:
Նա ընդգծել է, որ վարակի ակտիվ փուլում ամեն օր միջինը 20 մահ էր գրանցվում. եթե պատվաստման գործընթացն ակտիվանա, մահացության ռիսկը նկատելիորեն կկրճատվի: Ըստ մասնագետի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստման օգուտները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ռիսկերը: