ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ ՀՀ–ում ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն, աշխատավարձերը կբարձրանան։ Նախարարի ներկայացրած նախագծով վերանայվել եւ հաստատվել է ՀՀ–ում դասավանդող 38 հազար ուսուցիչների աշխատաժամանակը։
Ըստ նախարարի` ներկա պահին ուսուցչի 1 դրույքի ծանրաբեռնվածությունը շաբաթական 22 ժամ է, ինչը հնարավորություն չի տալիս լուծելու կրթական նոր չափորոշիչներով առաջադրված խնդիրները։ Նա նշել է, որ նախագծով առաջարկվում է 1-4–րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար 1 դրույքի շաբաթական ծանրաբեռնվածությունը հասցնել 18 ժամի, 5-12–րդ դասարաններում` 20 ժամի։
«Դա կհանգեցնի տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների աշխատավարձերի 20 տոկոս աճի, 5-12–րդ դասարաններում` 10 տոկոս աճի»,– հայտարարել է նախարարը եւ հավելել, որ գործընթացը փուլային տարբերակով կանցկացվի։
ԿԳՄՍ նախարարը նշել է նաեւ, որ 2023–ի սեպտեմբերից ՀՀ հանրակրթական հաստատությունների 2–րդ, 5–րդ, 7–րդ դասարաններում այդ մեխանիզմն արդեն գործում է, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ներառել մյուս դասարանները եւս։