ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը գերադասում է կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ դա կանի, եթե Մոսկվան եւս նման ուղեգիծ վերցնի:
«Մենք չենք ձգտում լարվածության: Ընդհակառակը, գերադասում ենք ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ: Եվ եթե Ռուսաստանը քայլեր անի այդ ուղղությամբ, մենք նույնպես նման կերպ կվարվենք»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը:
Բլինքենը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրա մասին ուղղակիորեն խոսելու հնարավորություն կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Պետդեպարտամենտի ղեկավարը բաց տեքստով հայտարարել է, որ Վաշինգտոնի՝ Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշումը պայմանավորված կլինի Ռուսաստանի վարքով:
Բլինքենը նաեւ հիշեցրել է, որ Բայդենը քանիցս պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում խստորեն հակազդելու ՌԴ-ին:
Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում: Գագաթնաժողովի մասին որոշում առայժմ չի ընդունվել: Կրեմլը դրա անցկացումը հնարավոր է համարել ամռան սկզբին: