Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար Լեհաստանը նվիրաբերում է 200 հազար դոլար։ Դրա մասին հայտնել է Լեհաստանի փոխարտգործնախարար Վոյչեխ Գերվելը։ Նա ընդգծել է, որ Լեհաստանը եւ Հայաստանը սերտ հարաբերությունների երկար պատմություն ունեն, եւ չէին կարող գործնական օգնություն չցուցաբերել։
Լեհաստանի կողմից տրամադրված օգնությունը ներառում է 10 տոննայից ավելի սննդամթերք, ծածկոցներ եւ 200 շարժական մահճակալ՝ իրենց օժանդակ պարագաներով:
«Ցանկանում ենք ցույց տալ Լեհաստանի աջակցությունը Հայաստանին այս դժվարին իրավիճակում»,- նշել է Գերվելը:
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Լեհաստանն առաջին պետություններից է, որ պատրաստակամ է ցանկացած կարիքի դեպքում արձագանքելու։
Հումանիտար բեռը պահեստներ տեղափոխվելուց հետո «Հումանիտար կենտրոն»-ից ստացված ազդակների հիման վրա կբաշխվի համապատասխան գերատեսչություններին։ Դրանք հավասարության սկզբունքներով կբավարարեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքները: