Լուսանկարում Սպարտակն է, որ Ստեփանակերտի հացի հերթից տունդարձի ճանապարհին հայտնվել էր արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի օբյեկտիվում։ Հետո արդեն հացը ձեռքին Սպարտակը սոցիալական հարթակների հազարավոր օգտատերերի էջերից էր ժպտում։
Արցախի շրջափակման մասին պատմող լուսանկարի տղան հիմա Լոռիում է ապրում․ նույն կրակոտ աչքերն են, նույն ժպիտը, միայն թե նրա նոր լուսանկարներում նոր իրողություն է՝ առանց հացի հերթի, բայց եւ առանց Արցախի։
Սպարտակի ծնողները Ալավերդի անունն առաջին անգամ Վայքի հաշվառման կայանում են լսել, երբ նրանց առաջարկել են հաստատվել Սյունիքի կամ Լոռու մարզում։ Առաջինը բացառել են, հետեւում թողել նաեւ Վանաձորն ու շարժվել դեպի Ալավերդի։
Այս խաղաղ անկյունում էլ, սակայն, բազմանդամ ընտանիքի տագնապները չեն փարատվում։ Մտահոգ են, շփոթված։ Ասում են՝ ամեն ինչ կարող է կրկնվել․ իրենց ապրած կյանքը՝ վկա։
«Ինձ ինչքան հիշում եմ,կա՛մ պատերազմ է, կա՛մ տեղահանություն։Սումգայիթից մինչեւ հիմա տեղահանվելով գալիս ենք, մինչեւ ուր՝ չգիտեմ։ Մայրս, ինձ գրկած, Սումգայիթից Ստեփանակերտ՝ հանրակացարան է հասել, հետո գնացել ենք Ասկերանի շրջանի գյուղ Դաշուշեն, մեր պապական գյուղն ա։ Առաջին պատերազմից հետո Շուշին գրավեցին, 92 թվին տեղափոխվել ենք Շուշի։ 35 տարեկան եմ, չորս պատերազմ եմ տեսել, որից երեքին մասնակցել եմ»,- պատմում է ընտանիքի հայրը՝ Մնացական Ավագյանը։
Հինգ զավակները Շուշիում են ծնվել, բայց 44-օրյա պատերազմի պատճառով տեղահանվել են ծննդավայրից, պատերազմից հետո էլ՝ կորցրել այն։ Նոր իրողությունը, սակայն, Ավագյանների երիտասարդ ընտանիքին չի ընկճել։ Պատերազմում վիրավորված Մնացականը Երեւանում երկարատեւ բուժումն ավարտելուց հետո կնոջ ու երեխաների հետ Ստեփանակերտ է վերադարձել՝ վստահ լինելով, որ պատերազմը չի ավարտվել։
Արցախում խաղաղապահների ներկայությունն էլ չի համոզել, որ կռիվ է՛լ չի լինելու։ Մնացականն ասում է՝ ռուսը եւ ոչ մեկը հայի փոխարեն երբեք չէր կռվի, իսկ հայը երբեք չի դադարում ուրիշներին հավատալուց եւ ողբերգության առաջ կանգնելուց։ Ինչպես որ եղավ հիմա։
«Մենք թույլ չենք լինում երբեք, մեր ղեկավարությունն ա թույլ, էն մարդը, որը ողորմություն ա խնդրում։ Ադրբեջանցին մեզ սպանում ա, ինքն ասում ա՝ խաղաղություն։ Տարածք ա գրավում, ասում ա՝ խաղաղություն։ Մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր։ Ինչ ասում են, պատասխանում ա՝ նախկինները։ Ինքն անում ա, մեղավոր են նախկինները։ Ես ոչ մեկի կողմից չեմ, սաղն էլ մի ճիպոտով քշած են, բայց նախկինների ժամանակ ես իմ տանն էի, չէ՞։ Նախկինների օրոք ես գերեզման չեմ կորցրել, իմ գերեզմանը չեն պղծել, իմ Ղազանչեցոց եկեղեցին չեն պղծել․․․»։
Մնացականը լռում է․ Արցախի կորստի մասին առանց արցունքների հնարավոր չէ խոսել։ Բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել են երեք տարի, ոչինչ են եղել վերջին օրերին տեսածի եւ ապրածի համեմատ։ Շրջափակման, սովի, խավարի, օրեցօր ահագնացող ճգնաժամի մեջ վեցերորդ զավակի ծնունդին են սպասել, հետո էլ՝ կյանքի ճանապարհի բացվելուն։
Բայց ամենավատ երազում անգամ չէին կարող տեսնել, որ բացված ճանապարհն իրենց հեռացնելու էր Արցախից։ Ընդմիշտ։
«Երբ մեզ ասին՝ վերջ, սաղ հանձնած ա, պատերազմը ավարտվեց, 70 հասուն տղամարդ իրար ենք նայել ու առանց բառ խոսելու լացել ենք։ Զենքս չեմ հանձնել, կյանքում զենք չեմ հանձնի։ Տարել, պահել եմ, ոչ մեկը չի կարա գտնի։ Ֆորմես (զինվորական հագուստ) էլ տանը՝ պահարանում կախած եմ թողել, սրբություն ա, չէի վառի»,- դառնացած պատմում է Մնացականը, որ մինչեւ ճամփա ընկնելը էլի ուրիշ ծանր բաների միջով է անցել։
Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանում մուտքից առաջ գնալ չի կարողացել։ Ո՞ր մեկին մոտենար, ասում է, եղբորն ի՞նչ ասեր։
«Ձեզ արժանի հետնորդ չեղանք։ Գնացինք։ Կներեք». այսքանը։
«Էդ օրը (սեպտեմբերի 19-ին – հեղ․) էրեխեքը դպրոց էին գնում, ասի՝ մնացե՛ք, մի քիչ լավ չեմ։ 12-ն անց կես սկսեցին խփել մեր թաղի վրա։ Թողեցինք, դուրս էկանք։ Երկու օր հետո մամայիս պադվալից (նկուղ) էկա, որ գոնե էրեխեքի շորերը փոխեմ։ Մտա տուն, սնայպերը խփեց մեր տանը։Մի կերպ փախա»,- պատմում է 29-ամյա Գրետա Սարգսյանը, որ ռմբակոծության օրերին 6 երեխաների հետ միայնակ տեղից տեղ է գնացել․ ամուսինը՝ Մնացականը, դիրքերում է եղել։
Վախն ու խուճապն այս անգամ ավելի մեծ են եղել, քան 44-օրյա պատերազմի օրերին։ Հրետակոծության ձայներից երեխաները համարյա չեն քնել։ Մորն անդադար հարցեր են տվել, երբ լսել են մեծերի զրույցները գյուղերում մարդկանց խոշտանգումների եւ սպանվելու մասին։ Հաջորդ օրը թշնամու՝ Ստեփանակերտ մտնելու լուրն են լսել, ինչից սարսափած՝ Գրետան երեխաների հետ օդանավակայան է փախել։
«Մտածեցի, որ էնտեղ գոնե ապահով կլինենք։ Հասանք տեղ, նորից խփեցին։ Մի քիչ մնացել ենք, էրեխեքին մի կտոր սեւ հաց են տվել ու էլ ոչ մի բան չեն ասել։ Հետո էրեխեքի հագի շորերը հանել եմ, գցել իրենց տակ, որ չմրսեն, կարողանանք գոնե մի օր մնանք։ Չկարողացանք, կես ժամ մնացինք, բարձրացանք տուն։ Բայց մեր տան գլխին թուրքը նստած էր, նորից հետ գնացինք պադվալ»։
Ստեփանակերտ ավտոբուսներ են եկել։ Մարդկանց հանում են․ նկուղ հասած հերթական լուրից Գրետան անհանգստացել, բայց խուճապի չի մատնվել։ Մինչեւ վերջ համոզված է եղել՝ «ռուսը կբանակցի», ամեն ինչ լավ կլինի, իրենք Հայաստան չեն գնա։ Եվ լավատես էր այնքան, որ մտածում էր նույնիսկ անիրականի մասին՝ իրավիճակը կհանդարտվի, բանակցություններ կլինեն, խաղաղապահների ուղեկցությամբ իրենց կթողնեն նաեւ Շուշի գնալ՝ գոնե շիրիմներին այցի։
Սեպտեմբերի 29-ին Ավագյանները ճանապարհ են ընկել։
Հյուրատան բակում վազվզող երեխաների աղմուկն ու ծիծաղի ձայնն են կոտրում ներսի տխրությունը։ Դուռը բաց է․ ներսուդուրս են անում, անդադար հարցեր տալիս, ժպտում։ Իսկ Գրետան շարունակում է պատմել․․․ տնից այդպես էլ չվերցրած լուսանկարների, Ստեփանակերտի իրենց բակից բերած մի բուռ հողի եւ նոր քաղաքի մասին, որն իր բնությամբ ու լեռներով Արցախին շատ է նման։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։