Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Եվրահանձնաժողովի ղեկավարը կհանդիպի ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը լրագրողներին հայտնել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին եւ նրա մարդասիրական կարիքներին։ «Մենք կքննարկենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս բարդ իրավիճակում»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ֆոն դեր Լեյենը նշել է նաեւ, որ ԵՄ-ն կկրկնապատկի Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ 5,2 միլիոն եվրոյից հասցնելով 10,4 միլիոնի:
«Արդեն 5,2 միլիոն եվրո հատկացրել ենք, Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ կհայտարարեմ այդ օգնությունը կրկնապատկելու մասին, այն կհասնի 10,4 միլիոն եվրոյի»,- հայտնել է ֆոն դեր Լեյենը:
Նա հավելել է, որ ՀՀ-ին եւս 15 միլիոն եվրո կփոխանցվի ամենամյա ֆինանսական ծրագրի շրջանակում ԵՄ-ի ուղղակի բյուջետային աջակցությունից։ ՀՀ-ին ԵՄ-ի աջակցության ընդհանուր գումարը 25 միլիոն եվրո է։