Շիրակի մարզում մինչեւ 2026 թվականը միավորվելու են 46 դպրոցներ։ Մեղրաշատի դպրոցն այդ ցանկում է:
Ծնողները եւ ուսուցիչները բողոքում են. չեն ուզում` 63 աշակերտ ունեցող դպրոցը միանա հարեւան Բյուրակն գյուղի դպրոցին:
Ուսուցչուհի Արմինե Ադամյանը, որ նաեւ դպրոցահասակ երեխա ունի, «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ անհամաձայնությունն արտահայտելու են բողոքի ակցիաներով: Վաղն առավոտյան ծնողները շրջափակելու են դպրոցը, որ դասեր չանցկացվեն: Օրվա կեսին գալու են Շիրակի մարզպետարան` բողոքի ցույց անցկացնելու:
«Եթե դպրոցը փակվեց, գյուղն ինքնին կդատարկվի, երեխա ունեցողն էլ կլքի գյուղը»,- ասաց Արմինե Ադամյանը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` մինչեւ 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները կմիավորվեն: