Հայաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ։
Հարց. Հոկտեմբերի 2-ին կայացավ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մի խմբի այց, որի հաղորդագրությունը չափազանց մտահոգիչ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Պատասխան. Հայաստանը խոր մտահոգությամբ եւ հիասթափությամբ է ընդունել տեղեկությունն Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի եւ դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ:
Պատվիրակության այցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԼՂ-ն լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից
Նշվում է, որ Բաքվում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն եւ որեւէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքի հետ: Ավելին՝ պատվիրակության այցը եղել է միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետեւանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական՝ ՄԱԿ-ի պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետեւում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները եւ բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:
ՄԱԿ-ը բացահայտ արհամարհանք է դրսեւորել բոլոր զեկույցների նկատմամբ
Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջեւ ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը: ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերելու քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով: Այս բոլոր զեկույցները եւ գնահատականները, որոնք վկայում էին նաեւ ՄԱԿ-ի հռչակած «ոչ ոքի հետեւում չթողնելու» հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ամբողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից:
Այցից հետո ՄԱԿ-ի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է եւ չի արտացոլում իրավիճակը
Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է եւ չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որեւէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքով բազմաթիվ զոհերին եւ վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տեւած արգելափակմանը եւ դրա հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հագարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առեւանգմանը եւ միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:
ՄԱԿ-ի պատվիրակության այցն օգտագործվել է ԼՂ-ում էթնիկ զտումներն օրինականացնելու նպատակով
«Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետեւանքները օրինականացնելու նպատակով:
Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն»,-նշված է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունում: