Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստան ժամանած ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման՝ Ժնեւի գրասենյակի ղեկավար եւ ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը:
Ընդգծելով այն մտահոգություններն ու հիմնական շեշտադրումները, որոնք արվել են նաեւ ՀՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ, նախարար Միրզոյանը հայտնել է ՀՀ հիասթափությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ: Նախարարը խիստ դժգոհություն է արտահայտել նաեւ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի ղեկավարած պատվիրակության ԼՂ այցի եւ դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության կապակցությամբ:
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը շարունակել է քննարկումը: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի հայ բնակչության բռնի տեղահահման հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակի եւ խնդիրների հասցեագրման համար արվող քայլերի վերաբերյալ։