ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին Գրանադայում հռչակագիր է ստորագրել, որով ըստ էության ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 քառակուսի կիլոմետր տարածքով, որը ներառում է Արցախը։
Գրանադայում ընդունված փաստաթղթով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը։ Նաեւ իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետեւանքներին։
Եվրախորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերն ընդգծել են, որ տեղահանվածները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ եւ բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որեւէ պայմանի, միջազգային մոնիտորինգի ներքո եւ իրենց պատմության, մշակույթի եւ մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։
«Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Եվրամիության ղեկավարները հավատարիմ են մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ եւ Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023-ի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,- նշված է քառակողմ հայտարարության մեջ։
Շառլ Միշելը, Էմանուել Մակրոնը եւ Օլաֆ Շոլցն ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաեւ հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու եւ հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։ Նրանք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության եւ բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացման կոչ են արել։
Եվրախորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը նաեւ երկրների ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել։ Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին եւ համագործակցել անհայտ կորածների ճակատագրին լուծում տալու եւ ականազերծման աշխատանքները հեշտացնելու ուղղությամբ։