Հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ եւ երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Միաժամանակ, ՄԻԵԴ-ը «Ղազարյանը եւ Բայրամյանը ընդդեմ Ադրբեջանի» գործով կայացրել է խախտում արձանագրող վճիռ:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ «Գուրբանովն ընդդեմ Հայաստանի» գործով, որն առնչվում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը Ադրբեջանին վերադարձնելու ՀՀ-ի ենթադրյալ ձգձգումներին, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն թույլ չի տվել կոնվենցիայի 8-րդ (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում: Իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածով ներկայացված դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել:
«Ասգարովան եւ Վեսելովան ընդդեմ Հայաստանի» գործով, որն առնչվում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիեւի եւ Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը եւ Գուլիեւը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարազատենրի հետ շփումից: Նրանց նկատմամբ ցուցաբերվել է նույնպիսի վերաբերմունք, ինչ մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին` նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որեւէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից:
«Ալիեւն ընդդեմ Հայաստանի» եւ «Ալլահվերդիեւն ընդդեմ Հայաստանի» գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, դրանց թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաեւ «Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը:
«Ղազարյանը եւ Բայրամյանը ընդդեմ Ադրբեջանի» գործով, որն առնչվում էր 2018-ին Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված եւ ապա ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքներին, որը Հայաստան էր վերադարձվել 2020-ին, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից թույլ են տրվել Կոնվենցիայի 3-րդ (խոշտանգման արգելք) եւ 5-րդ (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների խախտումներ: