Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 220-ը՝ չհաշված անհետ կորածները։ Տեղեկությունը հայտնել է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Վառելիքի պահեստի պայթյունի վայրից գտնվել են ավելի քան 170 անձի մարմին ու մասունք՝ կրկին չհաշված անհետ կորածները»,– նշել է նա:
Արցախի նախկին պետնախարարը նշել է, որ մի քանի լիազոր մարմնից ու պաշտոնյայից ճշտել է` համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը լուրերը, թե վառելիքի պահեստի պայթյունից հետո ադրբեջանական ծառայություններն իբր իրենց մոտ են տեղափոխել մի խումբ վիրավորների: Բեգլարյանը շեշտել է, որ բոլոր պաշտոնյաները հստակ բացասական պատասխան են տվել: Բեգլարյանը ցավով հետեւություն է արել, որ պայթյունի հետեւանքով անհետ կորածների հարազատները պետք է իրենց հարազատներին փնտրեն գտնված մարմինների ու մասունքների շրջանում՝ «անճանաչելի մարմինների դեպքում ԴՆԹ անալիզների միջոցով»:
Ըստ Արցախի նախկին ՄԻՊ-ի՝ պետք է նկատի ունենալ մասնագետների եւ ականատեսների այն պնդումը, որ պայթյունի զոհերի մի մասն էլ ամբողջությամբ այրվել է կրակի մեջ, եւ նրանցից ոչ մի մասունք հնարավոր չէ գտնել։
Բեգլարյանի տեղեկություններով` Արցախում առավելագույնը 40 հայ է մնացել, նրանց թվում՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չէ եղել գտնել առ այսօր: Այդ անձանց որոնման աշխատանքները կատարում էին Արցախի փրկարարները՝ որոշակի դրական արդյունքներով, իսկ այժմ՝ փրկարարների դուրս գալուց հետո, Կարմիր խաչը:
«Արցախում մնացած մոտ 15 հայի մասին հստակ տեղեկություններ կան, որոնց տեսնողներ ու նույնականացնողներ են եղել: Նրանք ենթադրաբար որոշել են կամավոր մնալ Արցախում եւ ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները հպատակեցման վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Արցախի նախկին Պաշտպանը: