Աշխատանքային այցով սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Շիրակի մարզպետարանում խորհրդակցության ընթացքում նախարարին տրամադրվել են տեղեկություններ բռնի տեղահանված եւ Շիրակի մարզում ապաստանած արցախցիների մասին:
Ըստ այդմ՝ այսօրվա դրությամբ Շիրակի մարզում ընդհանուր 3601 տեղահանված անձ է հաշվառվել, որոնցից Գյումրիում՝ 2249, Արթիկում՝ 345, Աշոցքում՝ 271, Անիում՝ 301, Ամասիայում՝ 88, Ախուրյանում՝ 347:
Մարզի դպրոցներ այս պահին հաճախում է 321 արցախցի աշակերտ, մեծ մասը՝ Գյումրիում: Նրանք բոլորն ապահովվել են գրենական պիտույքներով։
Առողջության առաջնային պահպանման օղակներ է դիմել 910 մարդ, 9 բուժառու ստանում է ստացիոնար բուժում։
Մարզում ծնվել է 3 արցախցի երեխա։
Նախարարն ու մարզպետը այցելել են նաեւ տեղահանվածներին, լսել նրանց հետաքրքրող հարցերն ու տեղեկացրել նրանց Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերի մասին։