Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի ծնողները եւ ուսուցիչները բողոքի ակցիայով այսօր մարզպետարանում էին. չեն ուզում 63 աշակերտ ունեցող դպրոցը միանա հարեւան Բյուրակն գյուղի դպրոցին:
Դպրոցը նորակառույց է, շահագործման է հանձնվել 2006 թվականին: Եվ հիմա մինչեւ 2026 թվականը նախատեսված միավորվող 46 դպրոցների ցանկում է։
Ծնողները մտահոգ են՝ եթե դպրոցը փակվի, գյուղը կդատարկվի: Հեռավոր Ամասիայում տարվա մեծ մասը խստաշունչ ձմեռ է, հարեւան գյուղ գնալն էլ գրեթե անհնար է բքին եւ սառնամանիքին: «Երեխան ինչպե՞ս 3-4 կիլոմետր ճանապարհ կտրի, դպրոց հասնի: Բուք օրերին էլ ճանապարհները փակվում են, մենք երեխա չենք ուղարկի հարեւան գյուղ»,- ասում էին նրանք:
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության բաժնի պատասխանատուներից Գեւորգ Ղումաշյանը ծնողների եւ ուսուցիչների մտահոգությունն անտեղի է համարում: Կարծում է, որ թերի տեղեկություն ունեն գործընթացի վերաբերյալ: Ոչ թե փակվող, այլ կրթության որակը բարելավող դպրոց է իրենցը: Պատասխանատուն վստահեցրեց, որ ծրագիրը ենթադրում է նոր կրթահամալիրի կառուցում, ոչ թե դպրոցների ձուլում, եւ դա արվում է իրենց երեխաների կրթության որակը բարձրացնելու համար:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` մինչեւ 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները կմիավորվեն: