Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից հայտնել են, որ հոկտեմբերի 9-13–ը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, հրատապ ընթացակարգով կքննարկվի նաեւ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին եւ հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցեր: Հանդիպման նախաձեռնողը ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսինն է։