Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիությանը մեղադրել է հայերին դավաճանելու համար:
Մինչ այդ Եվրոպայի խորհրդի նախագահն էլ նույն մեղադրանքը Ռուսաստանին էր ներկայացրել:
Ստացվում է, որ դավաճանություն, այնուամենայնիվ, եղել է, բայց տպավորություն է, թե Մոսկվան եւ Բրյուսելն այդ մասին բաց խոսում են, որպեսզի ոչ թե իրական մեղավորը պարզվի, այլ որ մենք հերթական անգամ տրվենք «Արեւմո՞ւտքն է մեր բարեկամը, թե՞ Ռուսաստանը» տվայտանքին եւ երբեք չնայենք մեր խորքը:
Իսկ եթե չնայենք, մնալու ենք չքաղաքական հանրություն, ազգ չենք դառնալու:
Երբ ապրիլին պատրաստվում էի Երեւան գալու (անձնական խնդիրներ ունեի), ի հավելումն բազմաթիվ բանավոր հորդոր-խնդրանքների, Արցախի նախագահի անունով մի համառոտ գրություն փոխանցեցի: Առաջարկել էի անհապաղ գումարել Ազգային ժողովի նիստ եւ ընդունել հայտարարություն, որ Ստեփանակերտը պատրաստ է ցանկացած վայրում եւ առանց որեւէ նախապայմանի երկխոսություն սկսելու Բաքվի հետ, եթե մինչ այդ վերականգնվի պարենի, գազի եւ էլեկտրականության մատակարարումը, հավասարության եւ համարժեքության սկզբունքով իրականացվի ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի էական ապառազմականացում:
Ժամանակը ձգվեց, Ստեփանակերտից քաղաքական որեւէ ազդակ Ադրբեջանին չհղվեց: Մնացածը հայտնի է: Հիմա ժամանակը չէ, բայց ապագայի ուսումնասիրողի պարտքն է լինելու արխիվներից վերհանել մամուլում եւ սոցիալական ցանցերում գրեթե մեկ տարի շարունակ Ստեփանակերտից տարածված ուռա-հայրենասիրական հարցազրույցներն ու գրառումները:
Այդ խոսույթի համար այսօր ոչ ոք բարոյական պատասխանատվություն չի կրում: Լուռ են նաեւ երեւանյան շրջանակները, որ ամիսներ ի վեր արցախցիներին հորդորում էին դիմանալ, հաղթահարել դժվարությունները, որքան էլ որ պաշարված Ստեփանակերտում կյանքն անտանելի էր:
Թույլ հույս ունեի, որ սեպտեմբերի 9-ին ստանձնելով նախագահի պաշտոնը՝ Սամվել Շահրամանյանը հենց խորհրդարանի ամբիոնից ուղերձ կհղի Իլհամ Ալիեւին եւ կառաջարկի գնալ իրավիճակի ապառազմականացման ու նստել երկխոսության սեղանի շուրջ:
Ավա՜ղ:
Նա հայտարարեց, որ Արցախը կունենա կարգավիճակ եւ Հայաստանի հետ անխափան ցամաքային հաղորդակցություն: Տասն օր անց Իլհամ Ալիեւը տվեց ահաբեկչական պատերազմ սկսելու հրաման, որից ուղիղ 24 ժամ անց Սամվել Շահրամանյանը ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի, բանակի զինաթափման փաստաթուղթը, իսկ մեկ օր անց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը:
Ստույգ է, որ սեպտեմբերի 8-ին ե՛ւ Սամվել Շահրամանյանը, ե՛ւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջնորդները գիտեին, որ նախագահի ընտրություն անցկացնելու դեպքում Ադրբեջանը դիմելու է ռազմական բիրտ ուժի:
Եվ, այդուհանդերձ, նրանք գնացին այդ քայլին: Ինչո՞ւ… քաղաքագիտական խոր վերլուծության հարց է: Ակնհայտ է միայն, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ոչ միայն այլընտրանք էր առաջարկում, այլեւ հայտարարում, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնելու եւ գործնականում հասնելու Բաքվի հետ փոխընդունելի համաձայնության:
Ստեփանակերտում, մինչդեռ, ձեւավորվեց «կոնսենսուս՝ մինուս Բաբայան» ներքաղաքական իրավիճակ:
Ինչ խոսք, այսօր նշանակություն չունի՝ ուժերի այդ դասավորությունը ներքին պայմանավորվածությա՞ն, թե՞ արտաքին միջամտության արդյունք էր, բայց երբ հետեւանքը 150 հազար մարդու հայրենազրկումն է, արժե, թերեւս, հարցնել, թե այս օրերին ի՞նչ քննարկումների մեջ է Արցախի պետականության լուծարման մասին հրամանագիր ստորագրած Սամվել Շահրամանյանը, երբ հանդիպումներ է ունենում Արցախի Ազգային ժողովի միայն առանձին քաղաքական ուժերի, կառավարության որոշ անդամների եւ իր թեկնածությունը պաշտպանած կուսակցությունների առաջնորդների հետ:
Գործնականում ի՞նչ է հնարավոր:
Միակ եւ ամենաառաջնահերթ խնդիրն արցախցիների սեփականության իրավունքի օրինականացումն է: Այստեղ արդեն զգացմունքների տեղ պարզապես չկա: Եվ դրան հասնելու համար Բաքվի հետ երկխոսությունը պետք է շարունակվի, որտեղ էլ որ դա հնարավոր լինի:
Ողբերգության բուն պատճառը ոչ թե Ռուսաստանի կամ Եվրամիության կամ մի երրորդ կողմի դավաճանությունն է, այլ այն, որ տասնամյակներ շարունակ Արցախն ինքը չի զբաղվել իրենով: Իսկ երբ դու քեզնով չես զբաղվում, ուրիշներն են զբաղվում: Բայց միշտ՝ հանուն իրենց շահերի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։