Երեւանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո 2023»-ը։ Այս տարի 15-րդ հոբելյանական միջազգային ցուցահանդես-ֆորումին ներկայացված են ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից ու Ղազախստանից: Մասնակցում է 145 կազմակերպություն 6 երկրից: Նախորդ տարի՝ 2022-ին, էքսպոյին մասնակցող ընկերությունների թիվը 150 էր։
«ՊանԱրմենիան էքսպո»-ն ստեղծվել է 2003 թվականին «Սփյուռք-Հայաստան» տնտեսական համաժողովի շրջանակում «Պրոմ էքսպո» ընկերության կողմից: 2009-ից ձեւաչափը փոխվեց՝ դառնալով միջազգային ֆորում, որին սկսեցին մասնակցել նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ։
Արդյունաբերություն, սննդի արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ, խնամքի միջոցներ, տեքստիլ, ծառայություններ ներկայացնող կազմակերպություններն այս հարթակի միջոցով կարող են գտնել բիզնես-համագործակցության եւ արտահանման հնարավորություններ, հաճախորդներին ներկայացնել իրենց արտադրանքը կամ մատուցած ծառայությունները։
Ցուցահանդեսին այս տարի ներկայացված է ռուսական 21 ընկերություն: Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն նշեց՝ առաջիկայում կլոր սեղան-քննարկում է լինելու, որի ընթացքում ընկերությունները կքննարկեն համագործակցության հնարավորությունները։
Էքսպոյի մասնակիցներից է Ղազախստանում գործող «Ալինէքս» ընկերությունը, որը շինարարական չոր խառնուրդներ եւ ներկալաքային նյութեր է արտադրում։
«Առաջիկայում պլանավորում ենք մեր արտադրանքը ներմուծել նաեւ հայկական շուկա։ Հայ սպառողներին առաջարկում ենք որակյալ նյութեր, որոնցով կկարողանան կառուցապատում կամ վերանորոգում իրականացնել»,- ասաց «Ալինէքս»-ի ներկայացուցիչ Անաստասիա Գուզեւան։
«Այգ» կաթնամթերք արտադրող ընկերությունը, որը գործում է Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում, նոր է շուկա մուտք գործել։ Մոտ 10 օր առաջ արտադրանքը վաճառքի հանած կազմակերպությունն արտադրում է ավելի քան 50 ապրանքատեսակ, այդ թվում՝ պանրի յուրահատուկ տեսակներ։ Օրինակ՝ էմենտալ տեսակի պանիրը Հայաստանում այժմ արտադրում է միայն այս ընկերությունը։
Անկողնային պարագաներ եւ սրբիչներ արտադրող «Անիտեքս» ընկերությունում Ուզբեկստանից եւ Հնդկաստանից ներմուծված թելերից գործվածք են ստանում, ապա ստեղծում իրենց ապրանքատեսակները։
«Անիտեքս»-ի կոմերցիոն տնօրեն Ելենա Հակոբյանը պատմեց՝ առայժմ Հայաստանում միակն են, որ թելերից կտոր են պատրաստում, ապա անկողնային պարագաներ ու սրբիչներ կարում։ Իհարկե, մեր երկրում կան նաեւ այլ արտադրամասեր, որոնք այդպիսի արտադրանք են ստեղծում, բայց այդ կտորը ներմուծում են կամ գնում հենց «Անիտեքս»-ից։
«Գրոմ» ընկերությունն էլ էքսպոյի ընթացքում ներկայացնում է հայկական արտադրության մաքրող միջոցներ։
«Էքսպոյին մասնակցելու մեր նպատակն է սպառողին ներկայացնել մեր արտադրատեսակները, որպեսզի իմանան՝ հայկական արտադրության մաքրող միջոցներ կան եւ գնեն հենց հայկականը»,- ասում է կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Լալայանը։
Էքսպոն բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 8-ը ներառյալ:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։