Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ ՄԱԿ-ի առաքելությունը իրավիճակին ծանոթանալու եւ բնակիչների մարդասիրական կարիքները գնահատելու համար դարձյալ մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Առաքելության կազմում են ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան նրանք Աղդամով (Ակնա) ուղեւորվել են Ստեփանակերտ։
ՄԱԿ-ի առաքելությունն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղ էր ժամանել միայն հոկտեմբերի 1-ի առավոտյան, երբ այնտեղ գրեթե հայ չէր մնացել: Ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ իր ստույգ տեղեկություններով` Արցախում առավելագույնը 40 հայ է մնացել, նրանց թվում՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չէր եղել գտնել:
Ֆրանսիական La Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնն էլ X-ի իր գրառման մեջ քննադատել էր ՄԱԿ-ի առաքելության ուշացած այցը Արցախ: «ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելություն Արցախի անապատում, այժմ, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հալածվել են (չեն սպանվել) ադրբեջանցիների ձեռքով, եւ երբ այնտեղ ոչինչ չկա անելու կամ պաշտպանելու (բացի հորթերից, կովերից եւ խոզերից)»,- հեգնել էր Բյուսոնը։