ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե Մեղրիի երթուղու ստեղծումը Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջեւանի հետ: «Արդյո՞ք Զանգեզուրի միջանցքը նկատի ունի» հարցին դրական պատասխանելով՝ նա հավելել է, որ Ադրբեջանում այն կոչում են «Զանգեզուրի միջանցք», եւ որ այդ ձեւակերպումը հարմար է բոլորին: Փոխարտգործնախարարը նշել է, որ ինքն իրեն իրավունք է վերապահում օգտագործելու «Մեղրիի երթուղի» անվանումը։ «Ի վերջո, խոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին է»,- ընդգծել է նա:
Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով սահմանազատման խնդրին, նշել է, որ եթե կողմերն ի սկզբանե իրականացնեին այն, ինչ պայմանավորվել են 2020-ի նոյեմբերին, այն է՝ սահմանների սահմանազատում եւ սահմանագծում, այդ ժամանակ պարզ կլիներ, թե ով որտեղ է հարվածել, ով ինչ եւ ինչպես է գրավել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Գալուզինը ռուսական РБК-ին տված ընդարձակ հարցազրույցում նշել է, որ կազմակերպությունը լիովին պատրաստ էր դիտորդական առաքելություն ուղարկելու Հայաստան, եւ այն շատ ավելի լուրջ կայունացնող գործոն կծառայեր: