«Ստեփանակերտից դուրս եկանք սեպտեմբերի 25-ին։ Հայրս դժվարությամբ բենզին էր ճարել, եւ մեր ավտոմեքենայով ճանապարհ ընկանք։ Թշնամին մերթընդմերթ կանգնեցնում էր ավտոմեքենաների երթը, ճանապարհին հերթեր էին։ Հերթերի մեջ սոված, ծարավ սեպտեմբերի 27-ին հասանք Գորիս, մեկ օր մնացինք այնտեղ, 28-ին արդեն Երեւանում էինք»,- պատմում է դուստրերի եւ ամուսնու հետ Արցախից բռնագաղթած Սյուզաննան։
Մասնագիտությամբ դեղագետ Սյուզաննան Ստեփանակերտում փախլավա եւ ժենգյալով հաց էր թխում, վաճառում, ամուսինը զինվորական է։ Վերջին ամիսներին վերապատրաստվել էր, որ դպրոցում աշխատանքի անցներ, բայց չհասցրեց:
Սյուզաննայի ընտանիքն ապրում է ամուսնու քրոջ տանը՝ Երեւանում։ Մայրաքաղաք հասնելուց հետո սկսել է փախլավա թխել։ Ամուսնու քույրը եւ մյուս հարազատները Ֆեյսբուքում գրառումներ են արել, ծանոթներին պատմել նրա սկսած բիզնեսի մասին, եւ հիմա պատվերներ ունի։ Արցախյան բաղադրատոմսով թխված անուշահամ փախլավան գնողները գոհ են մնում։
«Երբ Արցախից տեղափոխվեցինք, միայն մի քանի հագուստ էինք բերել։ Նույնիսկ փող չէինք վերցրել։ Երեխաները պիտի դպրոց գնային, մյուս ծախսերի համար եւս շտապ գումար էր անհրաժեշտ, եւ որոշեցի անմիջապես աշխատանքի անցնել։ Հայրենիք ենք կորցրել, սարսափի միջով անցնել, բայց պիտի մաքառենք, պիտի ապրենք։ Հարկավոր է ուժ գտնել ու աշխատել»,- ասում է Սյուզաննան։ Հիմա նա մի վառարան ունի, պատրաստվում է երկրորդը գնելու, որ ավելի շատ կարողանա աշխատել։
Սյուզաննային ամուսինն է օգնում, երբեմն էլ՝ աղջիկները։ Նա վստահեցնում է՝ ամենաորակյալ հումքն է գնում, որ փախլավան համեղ ստացվի։ 30 կտոր փախլավան (մեկ սկուտեղը) 11,000 դրամով է վաճառում։
Սյուզաննայի հետ կապ հաստատելու, նրա պատրաստած փախլավան գնելու համար կարելի է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 095 708 102։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։