Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում կգործուղվի Հաագա։
Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում կմասնակցի Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի նշանակված բանավոր լսումներին: Այնտեղ նա Ադրբեջանի դեմ ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներ կկատարի եւ քննարկումներ կանցկացնի:
Ավելի վաղ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանը երբեք գործնականորեն չի պաշտպանել զոհերին, եթե բացակայել են քաղաքական նախադրյալները։ Վերջին զարգացումների լույսի ներքո իրավապաշտպանը դրական է գնահատել Հռոմի ստատուտի ընդունումը, սակայն համոզմունք է հայտնել, որ քաղաքական համապատասխան նախադրյալներ ձեւավորվելու համար ջանքեր են պահանջվելու։