«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել Բաքվից ժամանած ռազմական ինքնաթիռը, որով 3 հայ գերիներ՝ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանն ու Սեյրան Թամրազյանը, վերադարձան հայրենիք։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերով եւ միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- հայտնել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Գերիների վերադարձի մասին այսօր ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։
Տիգրան Ավինյանի գրասենյակից հույս են հայտնել, որ գերիներին վերադարձնելու գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը։