Ըստ New York Times պարբերականի՝ Իսրայելի կառավարության մի քանի անանուն պաշտոնյաներ թվարկել են այն թերությունները, որոնք օգնեցին ՀԱՄԱՍ-ին անսպասելի խորանալու Իսրայելի տարածքում:
Մասնավորապես՝ New York Times-ի զրուցակիցները նշել են, որ ՀԱՄԱՍ-ի ներխուժումն Իսրայել հնարավոր է դարձել իսրայելական հետախուզական ծառայությունների եւ զինվորականների թերացումների պատճառով: Դրանցից մեկը Իսրայելի հետախուզական ծառայությունների՝ ՀԱՄԱՍ-ի զինյալների հաղորդակցությունների անարդյունավետ դիտարկումն է եղել:
Ըստ պարբերականի զրուցակիցներից մեկի՝ սահմանին չափազանց մեծ կախվածություն կա էլեկտրոնային հսկողության համակարգերից, որոնք ՀԱՄԱՍ-ը կարողացել է ոչնչացնել դեռ հարձակումից առաջ։
Անանուն պաշտոնյաները կոպիտ սխալ են համարում սահմանին տեղակայված դիվիզիայի ղեկավարությունը մեկ ռազմաբազայում տեղակայելը. ՀԱՄԱՍ-ի զինյալները գրավել են այն գրոհի սկսվելուց անմիջապես հետո եւ այդկերպ խզել կապը Իսրայելի մնացած զինված ուժերի հետ:
Ամենամեծ վրիպումը New York Times-ի զրուցակիցները համարում են այն, որ Իսրայելի հետախուզական ծառայություններն ու զինվորականները «հալած յուղի տեղ են ընդունել» զինյալների հաղորդակցությունների ժամանակ գաղտնալսվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդների այն պնդումները, թե իրենք մտադիր չեն հարձակվել Իսրայելի վրա: