Էստոնական Postimees պարբերականը գրել է, որ Էստոնիայի կառավարության կազմած «սեւ ցուցակում» ընդգրկված երկրներ ուղեւորվելը կարող է վտանգավոր լինել էստոնացու համար: Խոսքը վերջինիս անձնական անվտանգության մասին չէ, ինչպես դա լինում է թեժ կետեր այցելելիս. պարզապես մտավախություն կա, որ նշված երկրներում կարող են անձից կորզել Էստոնիայի պետական գաղտնիքները:
2015 թվականից այդ ցանկում միայն Ռուսաստանը, Բելառուսը եւ Հյուսիսային Կորեան էին: Ներկայում ցանկում ավելացել են Չինաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Իրանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը։
Ըստ պարբերականի՝ պետական գաղտնիքներին հասանելիություն ունեցող էստոնացի պաշտոնյաները պարտավոր են տեղական իշխանություններին նախապես տեղեկացնել «սեւ ցուցակում» ընդգրկված երկրներ կատարելիք ուղեւորության մասին: Պետական գաղտնիքներին տիրապետող անձը ուղեւորության մեկնելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ պետք է գրավոր ծանուցում ներկայացնի պետական գաղտնիքի պահպանությունը կազմակերպող անձին։
Էստոնիայի անվտանգության ոստիկանության ղեկավար Հարիս Պուուսեպն ասում է, որ դա հիմնականում արվում է պետական գաղտնիքներին հասանելի մարդկանց պաշտպանելու համար, որպեսզի նրանք տեղյակ լինեն հնարավոր սպառնալիքների մասին եւ ավելի լավ պաշտպանեն իրենց եւ իրենց վստահված պետական գաղտնիքները: