ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի՝ ազատազրկմանը որպես այլընտրանք նոր պատժատեսակներ սահմանող նախագիծը եւ դրան կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նախատեսված է ազատության սահմանափակում՝ տնային կալանք պատժատեսակը, որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ: Տնային կալանքի իրագործման համար գործի կդրվի էլեկտրոնային բազպանների միջոցով հսկողության մեխանիզմը: Դրանց պետական գնման գործընթացն արդեն ծրագրված է:
Կիրականացվի նաեւ թվային՝ էլեկտրոնային կրիչների տվյալների խուզարկություն:
Արագացված դատաքննության փոխարեն նոր օրինագծով կկիրառվի քրեական դատավարության նոր եղանակ՝ համաձայնեցման վարույթը: Այս դեպքում անձը հնարավորություն ունի մինչև գործի բուն քննությունը ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու դատախազի հետ սկսել բանակցություններ իր նկատմամբ նշանակվող պատժի, տուժողին պատճառված վնասի հատուցման, նաեւ հանցավոր ծագում ունեցող գույքը բռնագանձելու հարցերի շուրջ:
Բանակցությունների գնալու դեպքում մեղադրյալը կարող է ավելի մեղմ պատիժ ստանալ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել:
Քրեական օրենսգիրքն իր բոլոր փոփոխություններով ուժի մեջ կմտնի 2022-ի հուլիսի 1-ից, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը՝ 2023-ի հունվարի 1-ից, ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթները՝ 2023-ի հուլիսի 1-ից։