Արցախցի Սվետլանա Քոչարյանի 6-հոգանոց ընտանիքը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, բռնագաղթել է Արցախի Չարեքտար (Շահումյանի շրջան) գյուղից։ Ընտանիքն Արցախից տեղափոխվելուց հետո բնակություն էր հաստատել Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, որոշ ժամանակ անց՝ տեղափոխվել Չարենցավան։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո, Արցախից բռնագաղթած 5 հարազատները հիմա բնակվում են նրանց տանը. ընտանիքը դարձել է 11-հոգանոց։
Սվետլանան դեռ 2020 թվականին՝ Ալափարսում հաստատվելուց անմիջապես հետո, սկսել էր ժենգյալով հաց թխել։
«44-օրյա պատերազմի ընթացքում ստիպված էինք լքել մեր տները։ Չարեքտարցիներին ժամանակ տվեցին, ասացին՝ ձեր իրերը հանե՛ք ու հեռացե՛ք գյուղից։ Գյուղը մինչեւ 2023-ի սեպտեմբերյան դեպքերը հայկական կողմի տիրապետության տակ էր, բայց քանի որ ադրբեջանցիներով էր շրջապատված, այնտեղ ապրելը շատ վտանգավոր էր, բնակչություն չկար․ միայն մեր զինվորների դիրքերն էին»,- պատմում է մասնագիտությամբ բուժքույր եւ մանկավարժ Սվետլանան։
Նա մինչեւ բռնագաղթելը 11 տարի Չարեքտարի դպրոցում աշխատել է որպես տարրական դասարանների դասվար։
Սվետլանայի ամուսինը զինվորական է։ Նրանց չորս որդիներից մեկը որոշել է հոր գործը շարունակել․ այժմ սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Նրանք հպարտ են, որ որդին որոշել է նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին։
2022-ի նոյեմբերին Սվետլանան վիրահատվել է եւ չէր կարողանում աշխատել, բայց Արցախի հայաթափումից հետո ուժ է գտել ու կրկին սկսել ժենգյալով հաց թխել։ Նրանց տուն տեղափոխված հինգ հարազատներից երկուսը թոշակառու են, մեկը հաշմանդամություն ունի։ Սվետլանան է նրանց խնամում։ Թեեւ լիովին չի կազդուրվել, որոշել է գործը վերսկսել, պայքարել, օգնել ընտանիքին՝ հոգսերը թեթեւացնելու։
Քանի որ վերջին ամիսներին չի աշխատել, այժմ պիտի փոքրիկ բիզնեսը նորից հունի մեջ գցի, հաճախորդների գտնի։ Բայց պատվերները պիտի շատ լինեն, որ գնվող հումքը՝ հատկապես կանաչին, ամբողջապես օգտագործվի, չփչանա։ Սվետլանան հույս ունի, որ առաջիկայում ավելի շատ պատվերներ կունենա։
Մեկ ժենգյալով հացը 700 դրամ է։ Պատվիրելու համար կարելի է նրան զանգահարել 077 35 05 42 հեռախոսահամարով։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։