Ամերիկյան The New York Times թերթն իր «Օրվա դասը» խորագրի հերթական թողարկումը նվիրել է Հայոց ցեղասպանության թեմային:
Այս անդրադարձն, ըստ թերթի, հնարավորություն է ընձեռում տեղեկանալու նախագահ Ջո Բայդենի «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու որոշմանը, ծանոթանալու թերթի՝ այս թեմայի շուրջ արխիվներին 1915-ից ի վեր, տեղեկանալու, թե ինչու է այսօր ԱՄՆ-ն փոխել իր քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ, եւ ինչ է նշանակում այս հարցում ամերիկյան վարչակազմի քաղաքական ուղեգծի փոփոխությունը:
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ հետագա հետազոտությունների համար խմբագրությունն առաջարկել է մի շարք թեմաներ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ The New York Times-ի արխիվների ուսումնասիրությունը, կիրառվող եզրույթի ընտրությունն ու ցեղասպանությունը մոռացության տալու վտանգները:
The New York Times-ն առաջարկել է արխիվների ուսումնասիրության ընթացքում ծանոթանալ 1915-1917 թվականների՝ Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջման վերաբերյալ իր ավելի քան տասը հրապարակումներին, որոնք հնարավորություն կտան խորամուխ լինելու Հայոց ցեղասպանության պատճառների ու հետեւանքների մեջ, ծանոթանալու The New York Times-ի աղբյուրներին ու տեղի ունեցած աղետի ծավալներին:
The New York Times-ն ընդգծել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառման կարեւորությունը: Թերթը հիշեցրել է, որ այսօր Անկարան չի ժխտում Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ հազարավոր հայերի սպանվելու փաստը, իսկ Թուրքիայի նախագահը ցեղասպանությունը որակել է որպես «տեղահանություն»՝ հերթական անգամ դա որակելով «ողջամիտ» այդ ժամանակահատվածի համար:
The New York Times-ը շեշտել է, որ մինչեւ 2004 թվականը թերթը պաշտոնապես չէր օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը 1915-ին հայերի հետ կատարվածը նկարագրելու համար՝ փոխարենը օգտագործելով «ողբերգություն» կամ «թուրքական ջարդեր» արտահայտությունները: Թերթն առաջարկել է անցկացնել քննարկումներ «որքանո՞վ է կարեւոր «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը, ինչո՞վ է պայմանավորված այդ կարեւորությունը» եւ նման այլ թեմաներով:
Թերթն առաջարկել է անդրադառնալ նաեւ դպրոցներում այս հարցը դասավանդելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ ցեղասպանությունը մոռացության մատնելու կամ ժխտելու վտանգավոր հետեւանքներին:
The New York Times- ը շեշտել է՝ եղել են ժամանակներ, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ անգամ դրա մասին խոսելն անօրինական էին համարվում եւ վտանգավոր էին: Թերթը հիշատակել է հայ լրագրող Հրանտ Դինքի գործունեությունը Թուրքիայում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ՝ հիշեցնելով, որ 2007-ին Ստամբուլում Դինքը սպանվեց ծայրահեղ ազգայնականների կողմից:
Հրապարակմանը կից The New York Times-ը ներկայացրել է կարճ տեսանյութ, որն ընդհանուր պատկերացում է տալիս Հայոց ցեղասպանության հիմնախնդրի մասին:
Սա The New York Times-ի երկրորդ անդրադարձն է Հայոց ցեղասպանությանը «Օրվա դասը» խորագրով: Առաջին դասը հրապարակվել է 2015-ի ապրիլի 16-ին եւ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: