2021 թվականին Ադրբեջանը հայտարարեց, թե ԼՂ հայությանը թույլ է տալու վերադառնալ իրենց տներ, բայց մինչ այսօր ոչ մի հայ չի վերադարձել այդ տարածքներ: Այս մասին այսօր Արդարադատության միջազգային դատարանում հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ։
«Լաչինի միջանցքը բացվեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ, բայց դա նպատակ ուներ 100 հազարից ավելի փախչող մարդկանց դուրս թողնելու»,– հայտարարել է նա։
Ի պատասխան այն պնդման, թե Ադրբեջանը հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման խաղաղ ճանապարհին, Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դա նրանք առաջին անգամ չեն ասում՝ երբեք իրականություն չդարձնելով։
«Նրանք դա ասում էին 9 ամիս առաջ, բայց շարունակեցին դիտավորյալ խաթարել հանրային կարեւոր ծառայությունները եւ սովամահության ենթարկել ԼՂ բնակչությանը, որից հետո դաժանաբար հարձակվեցին եւ ստիպեցին մարդկանց փախչել իրենց նախնիների հայրենիքից»,– ասել է Կիրակոսյանը։