Հյուրատանն անսովոր լռություն է, թեեւ դատարկ սենյակներ արդեն չկան։ Աշխատակիցը դիմավորում, ապա դռները մատնացույց անելով՝ ասում է, թե որ համարում ինչ ընտանիքի են տեղավորել։ Տատիկ-պապիկ, ամուսիններ, միայնակ տատիկ, բազմազավակ ընտանիք, թվարկում է, իսկ ես մտքով արդեն նրանց հետ եմ ու լսում եմ սենյակներում «ապաստանած» տխուր պատմությունները բռնազավթված տան ու հայրենիքի մասին։
Գրիշա Սաիյանը Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից է։ Հպարտ կեցվածք, բայց շատ տխուր աչքեր ունի։ Սենյակի դռան մոտ ծանոթանում ենք, պայմանավորվում հանդիպել երկու օր անց։ Հետո զանգում եմ՝ հյուրատանը չեն։ Վարձով տուն են գտել, տեղափոխվել։
«Չեմ կարող մարդկանց էդքան նեղություն տալ, բալա՛»,- հեռախոսի մեջ կարծես արդարանում է։
Գյուղում էլ՝ Մոխրաթաղում, ոչ մեկից ոչ մի բան չէին խնդրում, չարչարվում էին, ապրում, ավելին՝ օգնում նաեւ ուրիշներին։ Արցախի շրջափակման ինն ամիսներին էլ «քաղաքին են օգնել»։ Ստեփանակերտում սով էր, իսկ այնտեղ իրենց զավակներն ու թոռներն էին։
«Բլոկադան, էս պատերազմը դիտավորյալ էին, հատուկ էր արված, բայց մենք չէինք սպասում դրան։ Ռուսն էնտեղ ա, խաղաղապահն էնտեղ ա, ասում էինք՝ մինչեւ 25 թիվը լավ ա լինելու։ Պատերազմը որ կանգնեցրին եւ սկսեցին տարհանումը, արդեն թուրքերը եկան, սաղ Ստեփանակերտը շրջափակված էր, սաղ իրանց աչքի դեմն էր։ Խաղաղապահները դիտորդի դերում էին, բոլորը կանգնած նայում էին։ Հնարավոր է՝ պայմանավորված էր, որ չխառնվեն, կողքի կանգնեն»։
Ստեփանակերտում տիրող խառնաշփոթն ու այնտեղից սկսվող գաղթի երկար ճանապարհը դժոխային են եղել, բայց այն, ինչ զգացել են հարազատ տանը հրաժեշտ տալիս, չեն կարողանում բառի վերածել։ Միայն արցունք, հառաչանք, ուրիշ ոչինչ։ Մոխրաթաղի անլույս երեկոներն, ասում են, վերջին օրերի տագնապն ու ցավն ավելի են խտացրել, բայց լույսը բացվելու հետ հերթական սին լուրն են լսել, հավատացել, ուրախացել, թե «թուրքերը կարող է հետ գնան ելման դիրքեր»։
Մարտակերտի՝ հայաթափվող ամենավերջին գյուղն է եղել Մոխրաթաղը։ Սեպտեմբերի 23-ի երեկոյան գյուղապետն ասել է վերջին խոսքը՝ առավոտյան ժամը 10-ին բոլորը մեկ մարդու պես պատրաստ լինեն, «կալոնան պիտի շարժվի»։
«Առավոտ շուտ վեր կացանք, գյուղում հաց էլ չկար, շուտ-շուտ մի քանի լավաշ թխեցինք, որ հասցնենք, էրեխեքը սոված չմնան։ Լացելով՝ էս վերցրու, էն վերցրու։ Տանը ինչ կար, դրեցինք, միս եփեցինք, ամենքը 2-3 խոզ, ոչխար էին մորթել, էն էլ ավտոյի մեջ սաղ փչացավ, ճանապարհին թափեցինք։ Ասինք՝ կարող ա Ստեփանակերտ մի քանի օր մնանք, էրեխեքն էլ են մեզ հետ լինելու, ջահել հարսների խելքը կարող ա չկտրեր, շատ ուտելիք վերցնեմ, սոված չմնան։ Հետո փաստաթղթերը, մի քանի հագուստ ենք վերցրել, մեկ էլ մի յորղան (վերմակ) բարձի հետ, որ կարող ա էրեխեքը քնեն, գիշերը չմրսեն»,- պատմում է Գրիշայի կինը՝ Զոյա Ջավադյանը։
Ինն ամիս սովի, զրկանքների մեջ ապրած մարդկանց համար առաջնահերթը, պարզ է, հացը պետք է լիներ։ Իսկ մնացածը, որ 60 տարվա կյանք էր, գյուղի դժվարին աշխատանքով ստեղծած ունեցվածք, խուճապի պահին արդեն ոչինչ էր դարձել։
Փրկության ճանապարհից առաջ Գրիշա Սաիյանը նախ զենքերն է թաքցրել, հետո այրել մի քանի պատերազմ տեսած զինվորական համազգեստը, նաեւ ինը մեդալների փաստաթղթերը՝ մտավախություն ունենալով, որ «կմտնեն, կտեսնեն ու կփնտրեն իրեն»։
Մեդալները սեղանին են թողել․ կուրծքը զարդարած երբեմնի հպարտությունը ճանապարհին կարող էր փորձանքի մեջ գցել։
«Պանիկան սարսափելի բան ա։ Ասում էին՝ էսինչի մոտ սիգարետ տեսան, բռնեցին, տարան, մեկի մոտ մի կոֆեի բաժակ կամ մի ուրիշ բան, նորից տարան։ Մտածեցի՝ հիմի «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ»-երը ձեռիս գնամ, կամերայով անցնեմ, ասեն՝ արի՛, պատմի՛ր՝ քանի թուրք ես սպանել, որ Քոչարյանն ու Սերժը քեզ տվել են էդ մեդալները»,- ասում է Գրիշա Սաիյանը։
Շատերի նման իրենք էլ չեն հասցրել հրաժեշտ տալ շիրիմներին կամ գոնե լուսանկարներ վերցնել, որովհետեւ, ինչպես ասում է տիկին Զոյան, չէին հավատում, թե ընդմիշտ են գնում։ Իսկ Գրիշա Սաիյանը, ասում է, եթե հասցներ գերեզման գնալ, միայն ներողություն էր խնդրելու։
Ստեփանակերտից 100 կիլոմետր հեռու Մոխրաթաղը, որտեղ 105 ընտանիք էր ապրում, մի քանի ժամում կազմակերպված ձեւով դատարկվել է։ Փրկվելու առաջին երաշխիքը բենզինի առկայությունն է եղել։ Ասում են՝ իրենց գյուղապետը ճարպիկ էր, շարժվել է, ամեն բան կարգավորել։ Այդուհանդերձ, մոտ 100 ավտոմեքենա վառելիքի պատճառով տեղում է մնացել։ Գրիշա Սաիյանն էլ թողել է իրենը, նստել «բենզին ճարած» հարեւանի մեքենայի ղեկին՝ «բարտավոյ ուազ էր, 5-6 ընտանիքների վեշերը լցրինք, դուրս էկանք»։
Բռնի տեղահանության ճանապարհի ամենադաժան, ծանր հատվածը Մոխրաթաղ-Ստեփանակերտն է եղել։ Ճանապարհի եզրերին կանգնած թշնամու զինվորները զենքը բարձր պահած հայհոյել են, ծաղրել, նվաստացրել գյուղացիներին։
«Թուրքին ի՞նչ աես, եթե սեփական իշխանությունդ է քեզ էդ օրին հասցրել, գետնին գցել, ոտքերը վրադ մաքրել։ Թշնամո՞ւց նեղանաս»,- հարցնում է՝ գլուխն ափերի մեջ առած։
Հետեւում թողնելով դատարկված ու լուռ Մոխրաթաղը, քաոսի մեջ հայտնված Ստեփանակերտ՝ օդանավակայան են հասել։ Անտերություն․ մեկ բառը բավական է՝ նկարագրելու այն, ինչ տեսել են մի քանի ժամում։ Իսկ եթե ավելի պատկերավոր, ապա հետեւյալն է եղել։
«Ոնց որ մի հովիվ ոչխարն արածեցնելու ժամանակ հենց գելը մտնի մեջը, ինքը թողնի, փախնի։ Էդ վիճակն էր։ Էնքան էր անտերություն, որ աերոպորտում (օդանավակայանում) էլ սովից մարդ ա մահացել, հացի համար իրար կոխկռտել են։ Ինչի՞ էին տարել էնտեղ, բաց երկնքի տակ թողել։ Թող Ստեփանակերտի դպրոցներ տանեին, տեղավորեին, մինչեւ հերթով դուրս կգային։ Խոսակցություններ կային, թե դիտավորյալ են անում, որ թուրքերը տեղում 300 մարդ սպանեն Խոջալուի համար»,- ասում է Գրիշա Սաիյանը։
Իրենց հետ վերցրած պարկով ալյուրն ու կարտոֆիլը թողել են օդանավակայանում, շփոթված ու տագնապած դուրս եկել Ստեփանակերտից։ Ճանապարհն էլ, իրենց բախտի նման, բոլորի համար նույնն է եղել՝ մղձավանջ։
«Օ՜, քո աչքերին մատաղ, որ դու մենակ կադրերով ես տեսել։ Ինչքան ավտոներ կային, որ փչացել են, մարդիկ վառել, թողել են էդպես, երեխաներին մտցրել բեռնատարի մեջ։ Ավտոյի դուռը ծեծում ա 25-30 տարեկան տղա՝ բոյով-բուսաթով։ Լացելով ասում ա՝ մի պատառ ջուր, երեխաս ջուր ա ուզում, մի կտոր հաց․ սոված է։ Գժվելու բան։ Անտերություն։ Ուազի մեջ ռադիատորը լցնելու համար «նավսյակի» ջուր էի վերցրել, կես լիտրով բաժանելով՝ տեղ հասել»։
Հագարիի կամրջի անցակետում թուրքը նրանց էլ հայացքը խոնարհել է պարտադրել։ Արել են, անցել։ Հետո առանց այն էլ անսարք մեքենան է խափանվել։ Հրելով, ձգելով «թուրքի տարածքից» մի կերպ դուրս են եկել։ Երկու օր՝ Ստեփանակերտից դեպի Գորիս, դրանից երկու օր անց էլ Մասիս են հասել։ Եվ ամբողջ ճանապարհին հինգ զավակներից ու նրանց ընտանիքներից լուր չեն ունեցել։
Զավակներից երկուսը հիմա Հրազդանում են, երկուսը՝ Վանաձորում, մեկը՝ Երեւանում։ Ալավերդու մասին իրենց ասել է մայրաքաղաքում սովորող թոռան տեղացի ընկերուհին։ Զանգել են՝ կուզե՞ս Ալավերդի գնաս։ Թեկուզ աշխարհի ծայրը, մենակ թե այս մղձավանջից ազատվեմ՝ ասել է։
Ալավերդու բնակիչ, բնիկ արցախցի Գրիշա Սաիյանը ծնունդով Վաղուհասից է։ Հերոս գյուղ Վաղուհասից՝ ուղղում է։ 22 տարեկանում ծննդավայրից տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ճանապարհներին, հանքերում պայթեցման աշխատանքներ է արել։ Իսկ տասը տարի անց հիմնական գործը (взрывник по професии) թողել եւ միացել է Արցախյան շարժմանը՝ ծառայելով մինչեւ 2008 թվականը։ Հետո կապիտան, վաշտի հրամանատար Սաիյանը կնոջ հետ Մոխրաթաղում է հաստատվել։
Ալավերդու շենքերից մեկի բնակարանում ասես հյուր լինեն։ Չեն հարմարվում։ Հրաժեշտից առաջ խոստանում եմ նորից այցելել։ Փողոցի մյուս կողմում արդեն նախկին կացարանն է՝ հյուրատունը, որի բնակիչներն ասում են՝ Ալավերդիում մշտական մնալու որոշում են կայացրել։ Գրիշա Սաինյանը դեպի հյուրատուն է շտապում։ Գրպաններում լիքը պնդուկ է, որ համարյա վազելով տնից այստեղ էր հասցրել։
«Վերցրո՛ւ, Մարտակերտի կտողին է, հատուկ է,- ասում է։ Հետո էլ,- բալա՛, չմոռանաս գյուղում մի հատ տուն գտնել, էս պատերի մեջ չգժվենք․․․»։
Արդեն գտել ենք․․․
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։