Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը նաեւ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի գործով, դատարանում Հայաստանի միջանկյալ միջոցի դիմումի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։
Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ 2023-ի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին խնդրում է կիրառել հետեւյալ միջանկյալ միջոցները նախքան տվյալ գործի վերաբերյալ որոշման ընդունումը․
1․ Ադրբեջանը չպետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջացնել միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումներ։
2․ Ադրբեջանը չպետք է կատարի գործողություններ, որոնց նպատակն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղահանել Լեռնային Ղարաբաղում մնացող հայազգի անձանց կամ կանխել վերջին ռազմական հարձակումների ընթացքում տեղահանված անձանց արագ եւ ապահով վերադարձը իրենց տներ՝ ներառյալ Հայաստան կամ երրորդ երկրներ փախածներին։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը պետք է առանց խոչընդոտի թույլատրի Լեռնային Ղարաբաղից հեռանալ նրանց, ովքեր ցանկանում են։
3․ Ադրբեջանը պարտավոր է ռազմական եւ իրավապահ ամբողջ անձնակազմը հեռացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցվել են 2023-ի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետեւանքով։
4․ Ադրբեջանը պետք է օգնի եւ խոչընդոտ չառաջացնի, որպեսզի ՄԱԿ-ը եւ նրա մասնագիտացված կազմակերպությունները կարողանան աշխատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ։ Ադրբեջանը չպետք է որեւէ կերպ միջամտի նրանց գործունեությանը։
5․ Ադրբեջանը պետք է օգնի եւ որեւէ կերպ չխոչընդոտի, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարողանա օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել Կարմիր խաչի հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետեւանքները։
6․ Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք վերականգնումը Լեռնային Ղարաբաղում եւ պետք է ապագայում դրանք չխաթարի։
7․ Ադրբեջանը պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։
8․ Ադրբեջանը չպետք է ձեւափոխի կամ ոչնչացնի որեւէ հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին, կամ որեւէ այլ հուշարձան, հայկական մշակութային վայր, որ դեռ կա Լեռնային Ղարաբաղում։
9․ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել եւ օրինական համարել քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի նկատմամբ իրավունքները եւ ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից։ Ադրբեջանը պարտավորված պետք է լինի չոչնչացնել եւ չբռնագրավել այդ մատյաններն ու փաստաթղթերը։
10․ Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի դատարանին հաշվետվություններ ներկայացնել այն բոլոր միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկի տվյալ կարգադրությունն իրագործելու ուղղությամբ, որոշման կայացումից մեկ ամսվա ընթացքում, որից հետո յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչեւ որ դատարանն այս գործով կայացնի վերջնական որոշում։