Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը՝ ընդգծելով, որ դա հայատյացության, անհանդուրժողականության եւ թշնամանքի արտահայտություն է։
Մայր Աթոռը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ այսօր` հարաբերական խաղաղության պայմաններում, ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել հայոց սրբավայրերը, շեշտել է, որ դրա նպատակը Արցախի պատմական հողի վրա հայկական ինքնության հետքերն ու վկայությունները վերացնելն է:
«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ, եւ վերացվել դրանց պատմական պատկանելիությունը հավաստող արձանագրություններ, անարգվել խաչքարեր եւ նախնյաց շիրիմներ։ Պատմության խեղաթյուրման եւ կեղծման ճանապարհով փորձեր են կատարվում յուրացնելու այդ տարածքներում առկա շուրջ 150 հայկական սրբատեղիները եւ աշխարհին ներկայացնելու իբրեւ ուդիների կրոնական ժառանգություն։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաեւ վերանորոգության պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգեւոր խորհրդանիշները վերացնելու եւ գմբեթի վեղարը վայր բերելու փաստը»,- նշվել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ:
«Հակառակ հնչող հայտարարությունների եւ արդարացումների՝ որդեգրված այս քաղաքականությունը չի կարող որեւէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության եւ տեւական խաղաղության վերահաստատմանը։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի այս խնդիրները բարձրաձայնել միջազգային հանրության եւ պատկան կառույցների առջեւ՝ կասեցնելու հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող այս երեւույթները»,- հայտարարել է Հայ առաքելական եկեղեցին։