Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Մերձավոր եւ Միջին Արեւելքի օպերատիվ գործունեության տարածաշրջանային վարչության տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին հայտնել է, որ Գազայի հատվածի հիվանդանոցները իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով կարող են մնալ առանց էլեկտրականության եւ վերածվել դիահերձարանների: Ըստ նրա՝ հնարավոր չէ հեմոդիալիզ եւ ռենտգեն հետազոտություններ կատարել:
Նա նաեւ ահազանգել է, որ հոսանքազրկումների պատճառով վտանգի տակ են հայտնվել ինկուբատորներում գտնվող նորածիններն ու թթվածնի կարիք ունեցող տարեց հիվանդները: Կարբոնին հավելել է, որ Գազայի բնակիչներն արդեն խմելու ջրի խնդիրներ ունեն:
Միեւնույն ժամանակ Ֆաբրիցիո Կարբոնին ընդգծել է, որ պատանդ վերցնելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով. բոլոր գերեվարվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն:
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Գազայի առողջապահության փոխնախարար Յուսուֆ Աբու ալ Ռիշը հայտնել է, որ Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետեւանքով վիրավորների գրեթե 60 տոկոսը կանայք եւ երեխաներ են: Նա նշել է, որ Գազայի հիվանդանոցներում տեղ չկա, իսկ դեղերն ու այլ դեղամիջոցները շուտով կսպառվեն։