Ստամբուլում հայտնաբերվել է ադրբեջանցի բլոգեր եւ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամադովի դին։
Ըստ Meydan TV-ի՝ իրավապահ մարմինների աշխատակիցները միանգամից մի քանի վարկած են ուսումնասիրում՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար եւ սպանություն։
Մամադովի ընկերներն ասել են, որ մայիսի 2-ից նրա մասին ոչ մի լուր չեն ունեցել։ Երեկ Ստամբուլի ոստիկանությունից հայտնել են, որ Բայրամի մարմինը երկու օր առաջ հայտնաբերվել է ծովում։
Մամադովը մի ամիս առաջ էր մեկնել Թուրքիա, երկու օրից վերադառնալու էր Բաքու։
Բայրամի ընկերներից մեկը պատմել է, որ Ստամբուլում նրան հյուր է գնացել. «Երկար զրուցեցինք։ Նա Եվրոպայում կրթական ծրագիր էր շահել։ Ստամբուլում այդ ծրագրին էր պատրաստվում։ Զբաղվածության պատճառով նույնիսկ փակել էր սոցցանցերի իր էջերը։ Հայրենիքին առնչվող մեծ ծրագրեր ուներ։ Ասում էր, որ Ադրբեջան է վերադառնալու լավ կրթություն ստացած»,- ասել է նա:
2016-ի մայիսի 10-ին Մամադովը ձերբակալվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանի պատվանդանին հակակառավարական «Շնորհավորում ենք ստրուկների տոնի կապակցությամբ», «Կորչի համակարգը» եւ այլ կարգախոսներ գրելիս:
Ըստ Բաքվի ոստիկանության վարկածի՝ ընդդիմադիր ակտիվիստի մոտ ձերբակալության ժամանակ եւ ավելի ուշ նրա տանը հերոին են հայտնաբերել: Ակտիվիստին դատել են թմրանյութեր պահելու եւ տարածելու հոդվածով: 2016-ի դեկտեմբերին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ընդդիմադիր գործչին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման։ Նա հայտնել էր կալանավայրում խոշտանգումների եւ ահաբեկումների ենթարկվելու մասին։
2019-ի մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ Մամադովին ներում էր շնորհվել: