Նոր հարցման արդյունքներով ամբողջ աշխարհում պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը խոչընդոտում է կորոնավիրուսի համավարակի կանխարգելումը:
Հարցված 117 երկրից 79-ում պատվաստվել ցանկացողների թիվը 70 %-ից ցածր է եղել: Փորձագետները նշում են, որ շատ երկրներ զանգվածային պատվաստումներ դեռ չեն էլ սկսել:
Ըստ Gallup-ի անցկացրած հարցումների՝ 20 երկրում հարցվածների մեծ մասը նշել է, որ չի պատվաստվի: Պատվաստվելու ցանկություն չունեն, օրինակ, Ռուսաստանում հարցվածների 61 %-ը, Կոսովոյում՝ 56 % -ը, Սենեգալում ՝ 55 %-ը:
Ընդհանուր առմամբ, աշխարհում 7,6 միլիարդ բնակիչներից ավելի քան 1 միլիարդը չի պատվաստվի:
Կառավարությունների օրինակարգության եւ լրատվամիջոցների դերը
Փորձագետներն ասում են, որ պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքը վերջին ժամանակներում որոշ չափով բարելավվել է: Իրականացվել են հարյուր միլիոնավոր ներարկումներ, այդ հարցում մեծ է եղել նաեւ լրատվամիջոցների լուսաբանումների դերը:
Գելափի ներկայացուցիչը նշել է, որ որոշ երկրներում մարդիկ երկմտում են կառավարության նկատմամբ անվստահության պատճառով:
Նախկին Խորհրդային Միության երկրներում, օրինակ, կառավարությունների հանդեպ վստահությունը ցածր է, եւ բնակիչներն իրենց պատվաստվելը քիչ հավանական են համարում:
Արեւելյան Եվրոպայում եւս մարդկանց միայն 40 %-ն է պատրաստ պատվաստվելուն: 20 երկրներից 10-ը, որտեղ հարցվածների մեծ մասը հրաժարվում է պատվաստանյութից, Արեւելյան Եվրոպայում է:
Միայն 70-90 տոկոսի դեպքում
Գիտնականները հստակ չեն կարող ասել, թե երբ կարելի է հասնել այն մակարդակին, որ պատվաստվելու միջոցով կպակասի վիրուսի նկատմամբ խոցելի մարդկանց թիվը, եւ հիվանդության տարածումը կտրուկ դանդաղի, սակայն անցած համաճարակների փորձը ցույց է տվել, որ հիվանդության տարածումը կարելի է կանխել, եթե հիվանդությունից պաշտպանված լինի բնակչության առնվազն 70-90 տոկոսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ 2022-ին կպահանջվի շուրջ 45 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ աշխարհի չափահաս բնակչության մեծ մասի պատվաստումն ապահովելու համար:
ԱՀԿ գործադիր տնօրենը հավելել է, որ չնայած պատվաստանյութերի առկայությանը՝ վերջին երկու շաբաթում կորոնավիրուսի ավելի շատ դեպք է գրանցվել, քան համաճարակի առաջին վեց ամիսներին:
Միեւնույն ժամանակ, բնակչության դիմադրողականության համար անհրաժեշտ է պատվաստել աշխարհի չափահաս բնակչության մեծ մասին, ինչի համար անհրաժեշտ կլինի ավելացնել պատվաստանյութերի արտադրությունը: