Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի քաղաքացիական անձանց կոչ է անում տարհանվել իրենց տներից դեպի հարավ հանուն իրենց անվտանգության եւ պաշտպանության։
ՑԱԽԱԼ-ի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Գազայի բնակիչները հնարավորություն կունենան վերադառնալու քաղաք միայն այն բանից հետո, երբ դա թույլ տվող եւս մեկ հայտարարություն արվի։ Իսրայելի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունենում Գազա քաղաքում․ ՀԱՄԱՍ-ի զինյալ թեւի անդամները՝ Իզդ-Դին ալ-Քասամ բրիգադները, թաքնվում են այնտեղ՝ տների տակ գտնվող թունելներում եւ այն շենքերի ներսում, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում:
ՄԱԿ-ը, որի գնահատումներով առաջիկա 24 ժամում մոտ 1,1 միլիոն մարդ չի հասցնի տարհանվել, Իսրայելին հորդորել է չեղարկել հրահանգը՝ շեշտելով, որ տարհանումը հանգեցնելու է աղետալի իրավիճակի եւ ավերիչ հումանիտար հետեւանքներ է ունենալու։
Իսրայելն իր հերթին դատապարտել է ՄԱԿ-ի արձագանքը՝ կազմակերպությանը մեղադրելով Իսրայելի կողքին չկանգնելու համար։ Թել Ավիվը ՄԱԿ-ին կոչ արել է Իսրայելին քարոզ կարդալու փոխարեն քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի նկուղներում պահվող պատանդներին վերադարձնելու ուղղությամբ։