Երեք տասնամյակից ավելի է՝ Հայաստանը տարածքային վեճ ունի։ Ի սկզբանե ինքնորոշման իրավունքի մասին էր խոսքը, որը ձեւախեղվելով տարածքային վեճի վերածվեց ու հանգեցրեց պատերազմների ու արյունահեղության։ Հայ-ադրբեջանական հակամարտությունն այս կերպ չէր արտահայտվի, այսքան դաժան չէր լինի, այսքան զոհեր չէր տանի, եթե մենք՝ հայերս, ու ադրբեջանցիները ձերբազատված լինեինք անցյալի կաղապարներից ու ազգամիջյան խնդիրների լուծման միջնադարյան պատկերացումներից։ Եթե կարողանայինք օգտվել մեր ժամանակների ընձեռած լուծումներից, ինչպես եվրոպացիները, ամերիկացիները կամ, ասենք, կանադացիները։
Այս երկրները նույնպես ունեն տարածքային վեճեր։ Ջիբրալթարի հետ կապված վեճ ունեն Իսպանիան ու Մեծ Բրիտանիան։ Դանիան ու Կանադան չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Գրենլանդիայի մոտակայքում գտնվող Հանս կղզու պատկանելիության հարցում։ Պորտուգալիան եւ Իսպանիան՝ Օլիվենսա քաղաքի ու հարակից տարածքների, իսկ Կանադան եւ ԱՄՆ-ը մի շարք կղզիների եւ ծովային ճանապարհների հետ կապված խնդիրներ ունեն։ Օրինակները շատ են։ Բայց այս տարածքային վեճերից որեւէ մեկը, վստահաբար, պատերազմի ու արյունահեղության չի հանգեցնի՝ ո՛չ այսօր եւ ո՛չ էլ վաղը։
Արյունալի պատերազմներով լեցուն իրենց պատմությունից այս երկրները մի անչափ կարեւոր եզրակացության են հանգել` պատերազմները, գոնե իրենց միջավայրում, պետք է բացառվեն։ Հակասություններն ու վեճերը ոչ մի դեպքում թշնամության չպետք է վերածվեն եւ պետք է լուծվեն բանակցությունների ու քննարկումների միջոցով։
Ոչ պակաս դաժան պատերազմներով լի պատմություն ունենք նաեւ մենք ու մեր հարեւանները։ Բայց նման բեկումնային եզրահանգում անել չենք կարողացել։
Սա է պատճառը, որ նրանք, հին հաշիվները փակած, իրար հետ հաշտ են ու խաղաղ։ Սերունդներին պաշտպանված, անվտանգ ու բարեկեցիկ երկրներ են փոխանցելու։ Նրանց այլեւս չի սարսափեցնում ու չի սարսափեցնելու իրենց զավակների ապագան։ Իսկ մենք միջնադարյան մեր ճահճում միջնադարյան պատկերացումներով միջնադարյան խնդիրներ ենք լուծում։ Կրկնում ու կրկնում ենք մեր պատմությունը։ Ապրում ենք պատերազմից պատերազմ։ Իրար անդառնալի պարտության մատնելու ծրագրեր ենք մշակում։ Սերունդներին էլ թշնամություն, պատերազմներ ու վտանգներով լեցուն կյանք ենք ժառանգելու։
Պատկերացնել միայն կարելի է, թե ինչպես կարող էին զարգանալ դեպքերը, եթե մենք ու ադրբեջանցիները, մեր տարածաշրջանի ժողովուրդներն, ընդհանրապես, եվրոպացիների օրինակով, պատմությունից անհրաժեշտ հետեւություններ արած լինեինք։
Կլինեինք ազատ աշխարհի մաս ու կօգտվեինք այն բոլոր բարիքներից, որոնցից նրանք են օգտվում։ Մենք էլ բարիքներ կստեղծեինք, որոնցից կօգտվեին այլք։ Շրջափակում, փակ ճանապարհներ, փակ ու վտանգավոր սահմաններ չէինք ունենա։
Ղարաբաղյան խնդիրը բոլորովին այլ ընթացք կստանար։ Թշնամություն ու պատերազմ չէր լինի։ Կլիներ երկու ինքնիշխան՝ անցյալի կապանքներից ձերբազատված պետությունների խնդիր։ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ Բաքվում կամ Երեւանում կհանդիպեին ու կքննարկեին այն։
Կհետաքրքրվեին իրարից, թե լուծման ինչ նոր պատկերացումներ են ի հայտ եկել, ինչ է հնարավոր անել այսօր, եւ ինչ՝ վաղը։ Կլինեին համբերատար ու խոհեմ։ Համատեղ տնտեսական ծրագրեր կիրականացնեին Ղարաբաղում։ Ավելի շատ կխոսեին ընդհանրություններից, քան հակասություններից։ Ընդհանրությունների վրա հիմնված տարածաշրջանային լուրջ ծրագրեր կմշակեին ու նրբանկատորեն կշրջանցեին անցյալում եղած հակասություններն ու թշնամությունը։
Այսպիսի պատկեր, ցավոք, չունենք ու չենք էլ ունենալու։ Որովհետեւ բոլորովին այլ աշխարհում ենք ապրում մենք ու մեր հարեւանները։ Մենք սնում ենք մեզ դարերի խորքից բերված թշնամությամբ ու շարունակում ենք մեզանից շատ ժամանակ առաջ սկսված պատերազմը։ Կանգ առնել չենք ցանկանում։ Չենք ցանկանում վերաիմաստավորել մեր անցյալը, դնել անհրաժեշտ վերջակետը եւ նոր ու բոլորովին այլ ապագա ուրվագծել։ Նոր տողից սկսել չենք ցանկանում։ Հետեւաբար օրինաչափ է մեր այս աղետալի ընթացքը։ Այն բխում է աշխարհակարգի, հարեւանների ու հակասությունների մասին ունեցած մեր ընդհանուր պատկերացումներից եւ պայմանավորված է թշնամի հայտարարված հարեւանին ծնկի բերելու անհրաժեշտությամբ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։