Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիների համար Գյումրիում աշխատանքի տոնավաճառ էր կազմակերպվել։ Մեկ հարթակում աշխատանքի բազում առաջարկներ եղան՝ ամենատարբեր ոլորտներից․ սպասարկումից մինչեւ բարձր տեխնոլոգիաներ։
Մարզում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների թափուր հաստիքներն արցախահայերին առաջարկելու նախաձեռնողներն էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Գյումրու հայորդաց տունը։
Քսաներեք կազմակերպություն շուրջ հարյուր աշխատատեղի առաջարկով էր ներկայացել տոնավաճառին։ Աշխատանք փնտրող արցախցիներից ավելի քան 260-ը գրանցվեցին տարբեր աշխատանքների համար։ Նրանք անձամբ շփվեցին գործատուների հետ, փոխանակվեցին կոնտակտային տվյալներով։
«Տեխնո-կրթական ակադեմիան» եւ «gHost Services LLC» կազմակերպությունները դասախոսների, ծրագրավորողների աշխատանքի առաջարկներով հանդես եկան:
Կազմակերպությունների տնօրեն Կարեն Նիկողոսյանն ասում է՝ առաջարկվող որոշ ազատ հաստիքներ կային, մի քանիսն էլ հավելյալ նախագծեր ներգրավելու միջոցով են ավելացրել՝ հատուկ արցախահայերին աշխատանքով ապահովելու համար: «Գիտենք, որ Արցախում բավականին լավ են գործել IT ընկերությունները: Հույս ունենք, որ Գյումրի եկած արցախահայերի մեջ ոլորտի մասնագետներից կլինեն»: Մոտեցողների ու հետաքրքրվողների պակաս տաղավարը չունեցավ, ինքնակենսագրական թողեցին՝ հույսով, որ աշխատանք կգտնեն:
«Արատտա Գրանդ» հյուրանոցի տաղավարը սպասուհիների, լվացքատան աշխատողների, մենեջերների, ադմինիստրատորների աշխատանքներ է առաջարկում: Վեց ազատ հաստիք ունեն, նաեւ անվճար մասնագիտական վերապատրաստում կանցկացնեն:
«Արատտա Գրանդ»-ի պատասխանատու Էրիկ Հովհաննիսյանն այցելուներին վստահեցրեց, որ աշխատատեղերը հասանելի են բոլոր ցանկացողներին՝ առանց տարիքային սահմանափակման:
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ հիմնադիր Կարինե Դավթյանն ասում է՝ տոնավաճառին չեն սպասել, արդեն հասցրել են Արցախից տեղահանված, Գյումրիում հաստատված սոցիալական աշխատողի ընդունել աշխատանքի: Տոնավաճառին էլ հոգեբանի ազատ հաստիքով են ներկայացել:
«Բացի աշխատանք առաջարկելուց՝ արցախահայերին իրավաբանական, հոգեբանական, սոցիալական ծառայություն ենք մատուցում, խորքային կարիքի գնահատում անցկացնում: Շուտով հեռահար ծրագիր ենք իրականացնելու՝ բիզնեսների ֆինանսավորում, մասնագիտությունների ուսուցում, տնտեսապես հզորանալու գործիքների հասանելիության ապահովում»,- ասում է Կարինե Դավթյանը:
Աշխատանք առաջարկողներից ամենաշատ՝ 70 ազատ հաստիքով Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղն էր ներկայացել:
Մասնաճյուղի տնօրեն գործարար Արտակ Գեւորգյանը աշխատանք փնտրող արցախցիներին հորդորեց նաեւ առաջարկել սեփական մասնագիտական ծառայությունը: Առաջարկները հաշվի առնելով՝ կփորձեն նոր ուղղություն զարգացնել: «Մեր ակումբների ցանցը անվճար խորհրդատվություն կմատուցի: Ամեն ինչ կանենք, որ մենակ չլինեք, հյուր չզգաք,- ասաց Արտակ Գեւորգյանը եւ հորդորեց մնալ ու աշխատել Գյումրիում,- Գյումրին լավ տեղ է»:
Լեռնային Ղարաբաղում գործող «Մունք» տեխնոդպրոցի ծրագրավորող Արման Մուսայելյանը մեկ տարվա աշխատանքային փորձ ունի: Տեղեկանալով, որ Գյումրիում աշխատանքի տոնավաճառ է լինելու՝ շտապել է այստեղ՝ սիրելի գործով կրկին զբաղվելու հույսով:
Տաղավարներում աշխատանքի մի քանի առաջարկներ ստանալուց հետո Արմանը որոշել է, որ Գյումրիից ուրիշ տեղ չի գնալու:
Պատմության ուսուցչուհի Լիանա Օհանյանն էլ իր սրտի աշխատանքը գտնելու հույսով էր եկել: Քառասուն տարվա մանկավարժը պատրաստ է դասավանդելու Գյումրու դպրոցներից մեկում: Ասում է՝ Գյումրին շատ է սիրել, գյումրեցիներին՝ նույնպես. «Չարչարված ժողովուրդ են, դրա համար էլ այսքան լավ հասկացան ու ընդունեցին մեզ: Եթե աշխատանք գտնեմ, այստեղից ոչ մի տեղ չեմ գնա»:
Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից տեղահանված Նիկոլայ Քամալյանը շինարար է: Տարիներ շարունակ հարազատ Ճարտարն է շենացրել, թողել թշնամուն եւ երեք մանկահասակ երեխաների ու կնոջ հետ եկել Գյումրի: Նիկոլային աշխատանք առաջարկողների պակաս չեղավ, մնում է միայն ցանկալի զանգը չուշանա:
Բացի տոնավաճառից՝ մասնագիտական կողմնորոշման աշխատարան կազմակերպվեց: Ընթացքում էլ ժամանցային միջոցառում անցկացվեց ծնողների հետ տոնավաճառ այցելած արցախցի երեխաների համար։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։