Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում Ուկրաինայում իշխանափոխության կոչ է արել՝ երկրի բարձրագույն ղեկավարությանը մեղադրելով ռազմավարական սխալ հաշվարկների համար: Նա հայտարարել է, որ այժմ պատերազմական իրավիճակը մտել է փակուղի։ Ըստ նրա՝ եթե Ռուսաստանի կառավարությունն արդեն ընդունում է «կանիբալիստական», բայց ներկա իրավիճակին համարժեք որոշումներ, ապա Ուկրաինայի ղեկավարությունը «կոռումպացված է եւ ոչ ադեկվատ»:
Արեստովիչն «Ուկրաինայի իշխանությունների սխալ հաշվարկներ» է անվանել, մասնավորապես, ռազմական ռեսուրսների անիմաստ կենտրոնացումը ռազմավարական արժեք չունեցող Բախմուտի վրա: Արեստովիչի համոզմամբ՝ դրա փոխարեն բոլոր ուժերը պետք է նետվեին ճեղքելու հարավային ճակատը: Կիեւի երկրորդ՝ ամենակարեւոր բացթողումը ուկրաինական հզոր պաշտպանական գծերի բացակայությունն է եւ էականորեն զիջում է ռուսական պաշտպանական գծերին: Ուկրաինայի իշխանությունների մյուս սխալը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդականը տեսնում է արտաքին գործընկերների հետ հարաբերություններում, ինչպես նաեւ երկրում մոլեգնող կոռուպցիան:
«Մեր ղեկավարությունն իրավիճակը մտցրել է փակուղի եւ շարունակում է իր սխալ քաղաքականությունը։ Դա մեզ տանում է դեպի աղետ»,- ընդգծել է Արեստովիչը։
Լուծումը նա տեսնում է ընտրությունների անցկացման մեջ: «Պետք է վերագործարկում անել, անգործունակության մենաշնորհը կոտրել եւ հնարավորություն տալ նրանց, ովքեր ի վիճակի են իրական իրավիճակին համապատասխան որոշումներ ընդունելու»,- նշել է Արեստովիչը։
Առցանց անցկացված հարցազրույցի նախաբանում գերմանական Berliner Zeitung-ի լրագրողը հակիրճ պատմում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդականի մասին:
«Ալեքսեյ Արեստովիչը նստած է սպիտակ պատի դիմաց եւ մի փոքր հոգնած տեսք ունի։ Նա չի մանրամասնում՝ որ քաղաքում է մեզ հետ զրուցում։ Արեստովիչը ոչ միայն խորհրդատու է, այլեւ հաջողակ բլոգեր։ YouTube-ում նրա ալիքն ունի ավելի քան 1,7 միլիոն բաժանորդ, իսկ Facebook-ում նրան հետեւում է գրեթե 850 հազար օգտատեր:
Արեստովիչին «Կիեւյան պայծառատես» անունով կնքեցին այն բանից հետո, երբ 2019 թվականին տարածված մի տեսանյութում նա կանխատեսում էր, որ Ռուսաստանը մոտ ապագայում ներխուժելու է Ուկրաինա: Այդուհանդերձ, Արեստովիչը լի է հակասություններով…»,- նշում է պարբերականը: