Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը Ynet Live-ին տված հարցազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 7-ից բռնկված պատերազմի նպատակներին, գործող իշխանության պահվածքին եւ այլ հարցերի:
1997-2001 եւ 2007-2011 թվականներին Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Էհուդ Բարաքը քննադատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ասելով, որ «նորմալ երկրում նա հրաժարական կտար»։ Ըստ Էհուդ Բարաքի՝ ներկա պահին Նեթանյահուն գլխավորում է նախարարների կաբինետը, ուստի շատ կարեւոր է, որ բացի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտից՝ Գանցը եւ Այզենկոտը (Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետերը) եւս այնտեղ ներկա լինեն: «Այդ դեպքում զինվորները գոնե հանգիստ կլինեն»,- ասել է Բարաքը։
Անդրադառնալով պատերազմի նպատակներին՝ Բարաքն ասել է, որ Իսրայելը չի կարող ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: ՀԱՄԱՍ-ը գաղափարախոսություն է, այն մարդկանց երազանքներում է, նրանց սրտերում, նրանց գիտակցության մեջ: «Գործնական քայլը, որին պետք է հասնի ՑԱԽԱԼ-ը, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի բոլոր օպերատիվ հնարավորությունների վերացումն է: Եվ սա բավականին բարդ խնդիր է, ուստի պետք է կենտրոնանալ դրա վրա»,- շեշտել է Իսրայելի նախկին վարչապետը: