Բաքվի զինվորական դատարանում հոկտեմբերի 17-ին շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վագիֆ Խաչատրյանը դատավարության ժամանակ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում եւ նշել, որ չի մասնակցել «ադրբեջանցիների դեմ հանցագործությունների»։ «Գյուղում ապրող ադրբեջանցիների հետ մտերիմ էի, ես բոլորին ճանաչում էի։ Կռվի ժամանակ ես ոչ մի միջոցառման չեմ մասնակցել»,- նշել է Վագիֆ Խաչատրյանը:
Վագիֆ Խաչատրյանը մարրամասնել է, որ 1992-ի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանի՝ Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի ղեկավար դառնալուց հետո, երբ հայերի ինքնապաշտպանության համար մոբիլիզացիոն ծառայության են կանչվել 50-55 տարեկան հայերը, ինքը եւս զորակոչվել է Ստեփանակերտի զինկոմիսարիատից։ Խաչատրյանը հավելել է, որ 1992-ի Փառուխ լեռան բարձունքին՝ իրենց ծառայության վայրում ադրբեջանցիների հետ մարտեր չեն եղել, այլ հատվածներում էլ ինքը մարտերին չի մասնակցել։ Իսկ 1992 թվականի հոկտեմբերին Խաչատրյանը երիկամների եւ աղիների խնդիրների պատճառով զորացրվել է։
Վագիֆ Խաչատրյանին Բաքուն մեղադրանք է ներկայացրել, ըստ որի` իբր նա «հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991-ի դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին, 25 հոգու է սպանել եւ գյուղում ապրողներին 5.5 միլիոն մանաթի վնաս տվել»։
69-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը պնդում է՝ այդ ամենը կեղծ է, հայրը ոչ մեկին չի սպանել, չի վնասել, սովորական վարորդ է եղել։ Պաշտոնական Երեւանը Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը շինծու է որակել։