Ստրասբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ այլք։
ԵՄ-ի կողմից մասնակցել են Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Չոկետտին, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկուս Վինկլերը, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդերս Ռասմուսենը եւ այլք։
Հանդիպման օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի հայերին բռնի տեղահանելու հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակն էր, դրա հաղթահարման քայլերը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ այլն։
Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով եւ պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: