Պետք է սկսել բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրների վերաբերյալ` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր: Նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Մեցոլան Ադրբեջանին կոչ է արել հարգել ԼՂ-ում մնացած հայերի իրավունքները եւ անվտանգությունը։ Ըստ նրա՝ ԼՂ–ում միջազգային հանրության ակտիվ մասնակցությունն անհրաժեշտություն է:
Եվրախորհրդարանի ղեկավարը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ԵՄ-ն բանաձեւ եւ մեկ զեկույց է ընդունել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, արդյոք Եվրախորհրդարանը պատրաստվում է գործուն քայլեր անել այդ ուղղությամբ։ «Պատահական չէ, որ հենց այս խորհրդարանն է այդպիսի զեկույցներ ընդունել ու կոչ է արել հնարավորինս շուտ սկսելու խաղաղության բանակցությունները»,- ընդգծել է Մեցոլան։
Վերջին ամսվա իրադարձությունները շատ մտահոգիչ համարելով՝ Մեցոլան հավելել է, որ խաղաղության բանակցությունները ԵՄ-ի համար կարեւոր են Ադրբեջանի հետ սահմանազատման, հաղորդակցման ուղիների բացման եւ մարդասիրական խնդիրների լուծման առումով։