Սայիյան ընտանիքի վարձակալած երեքսենյականոց տան փոքրիկ խոհանոցում ոտք դնելու տեղ չկա։ Մեկը կանաչի է կտրատում, մյուսը՝ խմոր պատրաստում, երրորդը թխում է։ Արցախից բռնագաղթված ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո անցել է ժենգյալով հաց պատրաստելու գործին։
Երկու զինվորական եղբայրների ընտանիքներն ու ծնողները՝ 14 անձ, Արցախի Մարտակերտից են տեղահանվել։ Հրազդանում տուն են վարձակալել, մի կերպ տեղավորվել։
Ընտանիքի կանանցից Ալվարդ Ավագյանը հիշում է 2020 թվականը։ Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում էլ ինքն ու տեգոր կինը Երեւանում էին՝ երեխաների հետ։ Այդ ժամանակ էլ ժենգյալով հաց էին թխում՝ արցախյան համի միջոցով գոնե մի քիչ դրական էմոցիաներ փոխանցելու համար։ Ասում է՝ այդ ժամանակ ուղղակի փորձում էին ժամանակն անցկացնել, ցրվել։ Հիմա արցախյան ուտեստը մեծ ընտանիքը պահելու միջոց է։
Ալվարդն ասում է՝ այն ժամանակ ուրիշ էր․ վստահ էին, որ պիտի տուն վերադառնան։ Հիմա միտքն Արցախում է, կյանքի շարունակությունը՝ Հայաստանում։ Մի քանի պատերազմ տեսած Ալվարդը սեպտեմբերյան մի քանի օրերը ցավով է հիշում, ձայնը սկսում է դողալ։
«Սեպտեմբերի 19-ից սկսվածն իմ տեսած չորրորդ պատերազմն էր, բայց ամենասարսափելին։ Քաղաքից կարծես մահվան հոտ գար։ Ամուսինս ծառայության մեջ էր, երեխաներիցս միայն փոքրն էր տանը։ Պայթյունները սկսվելուց հետո մտանք նկուղ, հետո գնացինք դպրոցի նկուղ՝ երեխաների մոտ։ Ժամերով դուրս գալ չենք կարողացել, ամուսնուցս էլ նորություն չկար։ Չգիտեինք՝ ողջ է»։
Մի քանի րոպեն մեկ ռմբակոծվող քաղաքից ամուսնու եղբայրն է Ալվարդենց իր տուն՝ Մոխրաթաղ տարել, որ այդ ծանր պահին միասին լինեն։ Հաջորդող մի քանի օրերին էլ, երբ Մարտակերտը կտրված է եղել Ստեփանակերտից, նորություն չեն ունեցել՝ ինչ է կատարվում, ու ինչ պետք է անեն։
«Այդ օրերը չեմ կարողանում մոռանալ։ Մի քանի օրն այնքա՜ն երկար ու անվերջանալի է թվացել։ Ժամանակի մեծ մասն ապաստարաններում ենք անցկացրել: Բայց նույնիսկ այդ դեպքում դուրս գալը դժվար էր․ տան պատերը համբուրելով ենք դուրս եկել»,- հիշում է Ալվարդը։
Ընտանիքները Մարտակերտից դուրս են եկել սեպտեմբերի 24-ին։ Մի քանի ժամվա ճանապարհը երեք օրում անցնելով՝ հասել են Կոռնիձոր։ Առաջին մի քանի օրը բարեկամի տանն են ապաստանել, հետո գտել են Հրազդանի տունը։
Ընտանիքի մյուս կինն էլ՝ Սուսաննան, Ասկերանից է, իրենք էլ Մոխրաթաղում են ապրել։ Ուրախանում է, որ դժվարությամբ, բայց կարողացել են փրկվել։ Մի ամբողջ կյանքից ընտանիքին մնացել են այդ պահին հագին եղած զգեստներն ու փաստաթղթերը։ Չի հուսահատվում. երեխաներին դպրոցում լավ են դիմավորել, իրենց գործն էլ առաջ է գնում։
«Շատ ոգեւորված ենք անում ժենգյալով հացի պատվերները, գնորդներն էլ կարծես գոհ են․ սեր ենք դնում պատրաստելիս, դրա համար էլ մեր թխածը համով է ստացվում»,- ասում է Սուսաննան։
Ընտանիքի ամենամեծ երեխան՝ 19-ամյա Ալյոնան, փոքր քույր-եղբայրների համար ծնող է դարձել։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի (2020-ի պատերազմից հետո գործել է Ստեփանակերտում) ուսանողուհին, որ կրթությունը պետք է շարունակի Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, նախ զբաղվել է մյուս երեխաներին դպրոցում տեղավորելով։ Հիմա համակարգում է ժենգյալով հացի պատվերները։ Ընտանիքում յուրաքանչյուրն իր գործն ունի՝ ուտեստի պատրաստումից մինչեւ առաքում։
Ալյոնան հիշում է Արցախի՝ շուրջ տասնամսյա շրջափակումը․ այդ ժամանակ էլ ամեն մեկն իր գործն էր անում՝ դժվարությամբ, բայց հույսով։
«Բլոկադայի փուլը շատ դժվար է եղել, բայց հաղթահարելի էր: Օրեր էին լինում, որ եղբայրս հացի հերթից տուն չէր գալիս, լուսացնում էր այնտեղ: Չէինք պատկերացնում, որ այդ օրերին երանի ենք տալու: Մայրս գարուց սուրճ էր պատրաստում, հաց թխում։ Սեւ, չոր հացն էլ մեզ համար ուրախություն էր, որովհետեւ մեր հողում էինք, մեր տանն էինք գիշերում»,- ասում է Ալյոնան։
Սննդի, դեղերի բացակայություն, տեղաշարժվելու դժվարություններ: Այդքան ժամանակ դիմացել էին ու լուծումներ գտել, էլի կարող էին, միայն թե միասին լինեին։ «Դասապրոցեսը կազմակերպելը դժվար էր. Մարտակերտից Ստեփանակերտ գնալն էլ խնդիր էր վառելիքի բացակայության պատճառով, բայց ելքը գտել էինք՝ դասերը հաճախ հեռավար էինք անում»։
Արցախցի աղջիկը վստահ է՝ եթե այդ ամիսներին դիմանալով ապացուցել են, որ կարող են ապրել, պետք է համակերպվեն նոր իրականությանն ու չկոտրվեն։ Դրա համար էլ առաջին հնարավորությունն օգտագործել են՝ իրենց գործը սկսելով։
Սոցիալական ցանցերում արդեն իրենց էջն ունեն՝ «Martakert Food»: Որոշել են չսահմանափակվել միայն ժենգյալով հաց թխելով․ հաջողելու դեպքում արցախյան այլ ուտեստներ եւս կպատրաստեն։
Սայիյան ընտանիքի պատրաստած ժենգյալով հացը պատվիրելու համար կարելի է զանգահարել 077 352933 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան էջին։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: