Շիրակի մարզի Արթիկ համայնքում հոկտեմբերի 17-ին մեկնարկել է Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագիրը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ոլորտի պատասխանատուներ եւ պաշտոնատար այլ անձինք:
«Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագիրն» իրականացվում է Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրի շրջանակում: Իրականացվել են բարձրավոլտ ցանցի ենթակայանի վերանորոգման, արտաքին լուսավորության համակարգերի վերականգնման եւ արդիականացման, արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման (100 կՎտ) եւ բազմաթիվ այլ աշխատանքներ:
Ծրագրի շնորհիվ շուրջ 1800 տնային տնտեսություն ոռոգման ջուր կունենա:
«Ծրագիրը նպաստելու է կայուն ջրային ռեսուրսների ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը: Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագիրը հայ-ճապոնական բարեկամության եւ համագործակցության արդյունք է, մենք բարձր ենք գնահատում Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող աշխատանքները»,- ողջույնի խոսքում ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին եւս անդրադարձել է ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը: Նա հայերենով ընդգծել է հայ-ճապոնական բարեկամությանն ու հարաբերությունների ամրապնդմանը միտված նախաձեռնությունների իրականացման կարեւորությունը։