Ֆեյսբուքը տեղեկացրել է, որ եւս վեց ամիս փակ կպահի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, այնուհետեւ նոր որոշում կընդունվի:
Թրամփի ֆեյսբուքյան օգտահաշիվն արգելափակվել էր հունվարի սկզբին, երբ նրա աջակիցները գրոհեցին ԱՄՆ Կոնգրեսի շենքը: Ֆեյսբուքը նման որոշում էր ընդունել ավելի քան 9000 մեկնաբանություն ուսումնասիրելուց հետո: Միայն այս հարթակում Թրամփն ունի ավելի քան 35 միլիոն հետեւորդ:
2021-ի սկզբին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո նրա օգտահաշիվները փակվեցին նաեւ Twitter-ում, Instagram-ում, YouTube-ում եւ Snapchat-ում:
Ըստ Fox News հեռուստաալիքի՝ Դոնալդ Թրամփը օրերս գործարկել է սեփական From the Desk of Donald J. Trump («Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանից») առցանց հարթակը՝ իր կողմնակիցների հետ շփվելու համար:
Հարթակը Թրամփին թույլ կտա հրապարակել գրառումներ, նկարներ եւ տեսանյութեր, բայց գրառումների մեկնաբանություններ թողնելու գործառույթ չունի:
Պորտալը ստեղծվել է Campaign Nucleus հարթակի վրա, որը քաղաքական գործիչներին օգնում է լսարանի հետ շփվելու առանց միջնորդների: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ սեփական սոցցանց է գործարկելու, որտեղ իր կողմնակիցները կկարողանան առանց խոչընդոտի հաղորդակցվել: