24-ամյա Սամվել Միրզախանյանը սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ապագա ատամնաբույժ է։ Այստեղ սովորելու եկել է Արցախի Հանրապետության Հաթերք գյուղից, ընտանիքի անդամներն այնտեղ են բնակվում, երբեմն գնում-գալիս են Հայաստան։
Սամվելը ոգեւորությամբ է պատմում իր գյուղի մասին․ «Հաթերքն Արցախի ամենամեծ ու զարգացած գյուղն է, ավելի քան 2300 տարվա պատմություն ունի, շատ հնավայրեր ու խաչքարեր կան այնտեղ։ Ժամանակին Հաթերքն իշխանանիստ քաղաք է եղել։ Մովսես Խորենացին երկար ժամանակ Հաթերքում է ապրել, Մխիթար Գոշն էլ «Դատաստանագիրքն» է այնտեղ ավարտին հասցրել, հիմա նրա անունով աղբյուր ունենք՝ Գոշաղբյուր։ Այժմ գյուղը մոտ 2500 բնակիչ ունի, շատ աշխատատեղեր կան, հարեւան գյուղերից եւ նույնիսկ Երեւանից ու Ստեփանակերտից մարդիկ գնում են այնտեղ աշխատելու։ Հաթերքում մեկ մեծ դպրոց կա, երկու մանկապարտեզ, հիվանդանոց, զորամաս, մի քանի հիդրոէլեկտրակայան, 30-ից ավելի խանութ, այսինքն՝ այդքան աշխատատեղ կա։ Դրանից բացի՝ գյուղատնտեսությամբ էլ են զբաղվում»։
Հիմա Հաթերքում շինարարական աշխատանքներ են ընթանում․ պատերազմից տուժած տներն են վերանորոգում, ու մարդիկ վերաբնակեցվում են իրենց տներում։
Սամվելը պատմում է, որ երբ եկել է Երեւան, հարցրել են, թե որտեղից է, ու միշտ Հաթերքը Աթենք են կրկնել, ու հասկացել է, որ մարդիկ այդ գյուղի մասին, չնայած դրա նշանակությանը, ոչինչ չգիտեն։ Որոշել է այնպես անել, որ ողջ աշխարհն իմանա իր գյուղի մասին։ Սկսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ու ստեղծել է «Հաթերք ֆուդ» ընկերությունը, որը էկոլոգիապես մաքուր սնունդ է արտադրում։
«Ուզում էի՝ հայերս աշխարհին հայտնի դառնանք նաեւ Հաթերքի ուտելիքով, ինչպես, օրինակ, կոնյակով ենք հայտնի։ Այդպես 2018 թվականին ժենգյալով հացի փառատոն կազմակերպեցի։ Իմ նպատակն էր զարգացնել համայնքային կյանքը, նպաստել գյուղական զբոսաշրջության զարգացմանը, վերարժեւորել մեր մշակութային արժեքները։ Այդ ժամանակ գյուղը 3500-4000 այցելու ունեցավ, իսկ հաջորդ տարի այցելուների թիվն անցավ 10000-ը։
Կանայք իրենց հմուտ ձեռքերի շնորհիվ բավականին գումար աշխատեցին։ 2020-ին, ցավոք, համավարակի պատճառով փառատոնը չանցկացվեց։ Նախատեսել էինք փառատոնը երկու օրով անցկացնել, 15000-20000 այցելու ունենալ»,- պատմում է Սամվելը։ Ասում է՝ երբ սկզբում գյուղացիներին առաջարկել է իրենց տները հյուրատների վերածել, շատերը չեն համաձայնել․ կա՛մ վախեցել են իրենց տուն օտար մարդ ընդունելուց, կա՛մ էլ մտածել են, թե ինչպես կարելի է հյուր ընդունելու համար նրանից գումար վերցնել։ Սամվելն անձամբ է նրանց օրինակ ծառայել, ինչից հետո մարդիկ աստիճանաբար ընդունել են նրա առաջարկը ու փառատոնի շատ մասնակիցների հյուրընկալել իրենց տներում։
«Հաթերք ֆուդ»-ը սոցիալական ձեռնարկատիրություն է։ Բացի նրանից, որ գյուղացիներն են եկամուտ ունենում, շահույթի 50 տոկոսից ավելին ուղղվում է տարբեր սոցիալական ծրագրերի։
Այժմ ընկերությունն արտադրում է մեղրի յոթ տեսակ, թթի, հոնի չիր, թթի դոշաբ, գինի, օղի եւ այլն։ 2020 թվականին արտադրանքի ցանկում ընդգրկված մոշի գինին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի մոշից էր պատրաստվում, 1000 շիշ գինուց մնացել է 40-ը։
«Այդ գինու պատրաստման տեխնոլոգիան Վաչագան Զաքարյանից եմ իմացել, ինքն էլ՝ իր տատիկից։ Առանձնահատկությունն այն է, որ խմորիչներ, շաքար կամ սպիրտ չեն օգտագործում։ Ես գինու սիրահար եմ, ամեն գինի չեմ հավանում, բայց սա շատ հավանեցի։ Իմացա, որ տարեկան ընդամենը 30-40 լիտր են պատրաստում՝ անձնական օգտագործման համար, քանի որ իրացնել չեն կարող։ Առաջարկեցի, որ ծավալը մեծացնի ու խոստացա վաճառքի հարցում օգնել։ Անցած տարվա սեպտեմբերին արդեն գինին պատրաստ էր, բայց սկսվեց պատերազմը, եւ ես ու Վաչագան Զաքարյանն անմիջապես մեկնեցինք առաջնագիծ։ Միայն պատերազմից հետո կարողացանք գինին շշալցնել ու վաճառել»,- հիշում է Սամվելը։
Երիտասարդ ձեռնարկատերն ափսոսանքով է նշում, որ սա Քարինտակի մոշից պատրաստված վերջին գինին է, բայց վստահ է՝ հնարավորությունը վերադառնալու է։ Գինին այս տարի էլ կպատրաստեն, բայց այլ շրջանների մոշից։ Քարինատկի մոշից բացի՝ Քարվաճառում էլ մեղվաընտանիքներ են կորցրել։ Սամվելը մյուս տղաների հետ դիրքերում է եղել, ու չեն հասցրել մեղվաընտանիքները դուրս բերել ու փրկել։
Այժմ Արցախից բացի Տավուշի Կոթի գյուղում էլ են մեղրի արտադրությամբ զբաղվում։ «Աշխատանքի բացակայության պատճառով երիտասարդները լքում են գյուղը, գալիս են Երեւան կամ էլ արտերկիր են գնում։ Հիմա մենք իրենց սովորեցնում ենք մեղրի պատրաստման ձեւը, տրամադրում ենք անհրաժեշտ ամեն ինչ, ու իրենք աշխատանք են ունենում»,- ասում է «Հաթերք ֆուդ»-ի հիմնադիրը։
«Հաթերք ֆուդ»-ի արտադրանքը հիմնականում ֆեյսբուքյան էջի միջոցով է վաճառվում, քիչ քանակությամբ խանութներում էլ է առկա, այդ թվում՝ նորաբաց Ազգային սուպերմարկետում։ Սամվելը կարծում է՝ պատերազմից հետո տեղական արտադրանքի հանդեպ պահանջարկն ավելի է աճել։ «Դեկտեմբերին մեծ վաճառք իրականացրինք։ Ճիշտ է, դեկտեմբերին միշտ էլ վաճառքը շատ է լինում, բայց ավելի շատ եղավ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սպառողներին, որոնք մեզ հետ են ու վստահում են մեզ»,- ասում է Սամվել Միրզախանյանը։