Հաշմանդամության եվրոպական ֆորումը բաց նամակ է հղել ԼՂ ճգնաժամից տուժած անձանց պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ։ Ֆորումը հոկտեմբերի 17-ին բաց նամակով դիմել է միջազգային հանրությանը (Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին եւ Եվրոպական միությանը) եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին՝ բոլոր դերակատարներին կոչ անելով ապահովել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը։
Նամակում շեշտվել է, որ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձինք պետք է լիարժեք հասանելիություն ունենան մարդասիրական օգնությանը, հիմնական ծառայություններին, մասնակցեն իրենց վերաբերյալ որոշումների ընդունմանը։ Ի թիվս այլ առաջարկների՝ կազմակերպությունը նշել է. «Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է կարողանան վերադառնալ իրենց տները, եթե արդեն տեղահանված են, եւ ամբողջությամբ ընդգրկված լինեն օգնության ծրագրերում, եթե դեռեւս Լեռնային Ղարաբաղում են»:
Մեկնաբանելով իրավիճակը՝ Հաշմանդամության եվրոպական ֆորումի նախագահ Յանիս Վարդակաստանիսն ասել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղում են կամ փախել են Լեռնային Ղարաբաղից, լքվելու, բռնության եւ նույնիսկ մահվան մեծ վտանգի տակ են: «Նրանք չեն կարող անտեսվել, ուստի կառավարություններին եւ օգնություն ցուցաբերող գործակալություններին կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները եւ ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք պաշտպանված լինեն, ստանան աջակցություն եւ ներգրավվեն որոշումների կայացման բոլոր գործընթացներում»։
Հաշմանդամության եվրոպական ֆորումը ցանց է, որը ներկայացնում է Եվրոպայում ապրող հաշմանդամություն ունեցող 100 միլիոն մարդկանց շահերը։ Այն 1996 թվականից ջատագովություն է իրականացում եվրոպական տարբեր կառույցներում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանում, Եվրոպական հանձնաժողովում եւ ԵՄ խորհրդում։