Մարզերում գործող իր գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ (ArmeniaFund) տասնյակ բեռնատարներով մարդասիրական օգնություն է բաշխել տեղահանված արցախցիներին:
Որպես հրատապ օգնություն, հիմնադրամը Հայաստան տեղափոխված արցախցիներին տրամադրում է առաջնային անհրաժեշտության իրերով փաթեթներ, որոնք պարունակում են սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական սնունդ, տաք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ։
Բաշխվել են 1000 ընտանիքի համար նախատեսված 40 տոննա պարեն (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, թխվածքաբլիթ, կարտոֆիլ, թեյ, սուրճ եւ այլն), մանկական սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ եւ հիգիենայի պարագաներ։ Արարատի մարզում աջակցությունից օգտվել է 220, Վայոց ձորում՝ 100, Սյունիքում՝ 320, իսկ Գեղարքունիքում 340:
Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել հումանիտար աջակցության տրամադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով ՀՀ գրեթե բոլոր մարզերը: Շուրջ 400 միլիոն դրամ արժողությամբ հումանիտար օգնության երկրորդ փուլը կներառի կենցաղավարման համար առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ մահճակալներ, տաքացուցիչներ, տաք հագուստ, սնունդ, անկողնային եւ հիգիենայի պարագաներ: Հիմնադրամի աջակցությունից առաջիկա շաբաթներին կօգտվի ավելի քան 2000 ընտանիք:
Կամավոր աշխատանքով իրենց մասնակցությունն են ունեցել «Դու մենակ չես» կանանց աջակցման կենտրոնը, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն եւ «Ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոն» հիմնադրամը:
Տեղահանված արցախցիների համար առցանց նվիրատվությունների եւ բանկային փոխանցումների համար կարող եք այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք հետեւյալ հղումով՝ https://www.himnadram.org/hy/donate