Իսրայելական խորհրդարանի՝ Քնեսեթի պատգամավոր Զեեւ Էլկինը, պատասխանելով հարցին, թե տեղեկություն ունի արդյոք ՀԱՄԱՍ-ի հարձակմանը Ռուսաստանի մասնակցության մասին, հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ի ջարդերի ժամանակ ՀԱՄԱՍ-ի օգտագործած զենքի մի մասը բերվել է Ռուսաստանից։ Նա նշել է, որ վստահ չէ, թե ռուսները քաջատեղյակ են՝ ինչպես է իրենց զենքը հասել Գազա՝ Կրեմլի գիտությա՞մբ, թե՞ նրա կամքին հակառակ՝ ինչ-ինչ միջնորդների միջոցով:
«Բայց մի բան հաստատ գիտենք՝ ՀԱՄԱՍ-ի այս ահաբեկիչները «Հեզբոլլահի» եւ իրանցիների կողմից մարզվել են Սիրիայում եւ Լիբանանում»,- հավելել է նա՝ ակնարկելով, որ Սիրիայում ռուսների եւ իրանցիների միջեւ շատ սերտ համագործակցություն կա:
Նա ասում է, որ վաղուց է զգուշացրել՝ պետք է գիտակցել, որ Ռուսաստանը փոխել է խաղի կանոնները։ «Ռուսները ուկրաինական պատերազմի ընթացքում ռազմավարական դաշինք ստեղծեցին Իրանի հետ, եւ ինչպես իրանցիներն են այնտեղ օգնում ռուսներին, այնպես էլ Ռուսաստանն է Իրանին օգնում այլ տեղերում»,- համոզմունք է հայտնել Քնեսեթի պատգամավորը։